
Արմինֆո. Հայաստանը ծրագրում է փոխել երկրի սահմանադրությունը, բայց՝ ոչ ի շահ Ադրբեջանի, այլ քանի որ այն "կարված է մեկ մարդու հագով"։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ RTVI-ի հետ հարցազրույցում։
ՀՀ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի գործող իշխանությունները հայտարարել են 2018-ին թավշյա հեղափոխության ալիքի վրա իշխանության գալուց հետո ՀՀ սահմանադրությունը փոխելու մտադրության մասին, սակայն որոշակի իրադարձություններ թույլ չեն տվել դա անել:
"Դա կապված չէ խաղաղության պայմանագրի հետ, առանց դրա, պարզապես, մենք պետք է հենց սահմանադրությունը փոխեինք, որովհետև այն սահմանադրությամբ, որով մենք հիմա աշխատում ենք, այնտեղ .. ըստ էության, այս սահմանադրությունը ստեղծվել է ընդհանրապես, տեսականորեն, մեկ մարդու համար ՝ վարչապետի, որը պետք է լիներ վարչապետ",- ասել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով ՝ 2020 թվականի աշնան պատերազմը Արցախի շուրջ, հետո տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում ՝ 2021 թվականի արտահերթ ընտրությունները թույլ չեն տվել դա անել։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ դա ոչ մի կերպ չի վերաբերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջին: "Այն, որ հենց ներկայիս սահմանադրությունը, որը հիմա կա, չի խանգարում խաղաղության պայմանագրի ստորագրմանը, պարզապես, Սահմանադրական դատարանն է նման եզրակացություն արել, երբ անցյալ տարի սահմանազատման ժամանակ դիմեցինք նրան՝ թե որքանով է դա համապատասխանում։ Նրանք ասացին, որ, իրոք, այդ ամբողջ գործունեությունն ու սահմանազատումը իրականում համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը", - կրկնել է Խաչատուրյանը, վստահեցնելով, որ սահմանադրությունը իշխանությունները փոխելու են, ելնելով այն տրամաբանությունից, որի մասին ինքն ասել է վերևում։
Ընդ որում, նախագահը նշել է, որ նոր սահմանադրության շուրջ հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա արդեն 2026 թվականի հունիսին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին ՝ Խաչատուրյանն ասել է, որ Հայաստանն այնպես կանի, որպեսզի բոլորը համոզվեն, որ իրականում ՀՀ սահմանադրությունը չի խանգարում խաղաղության պայմանագրի ստորագրմանը:
Խոսելով Վաշինգտոնում Հայաստանի կողմից Սյունիքի մարզով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու և խորհրդանշական անվանում ստացած Թրամփի ուղու (TRIPP) վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին ՝ Խաչատուրյանը վստահեցրել է, որ Վաշինգտոնում ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են խաղաղ ապրել: "Եվ, առավել ևս, նման բարձր մակարդակով. երկու երկրների ղեկավարներն ասացին, որ մենք իսկապես պատրաստ ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի, պարզապես, սկսենք խաղաղ ապրել", - ասել է Հայաստանի ղեկավարը:
Հարցին, թե արդյոք հավատում է, որ Ալիևը չի խախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Խաչատուրյանը դրական պատասխան է տվել, նկատելով, որ այդ փաստաթղթում հենց գրված են կարգավորման եւ հենց Tripp-ի աշխատանքի հիմնական սկզբունքները. տարածքային ամբողջականություն, անկախություն, իրավազորություն, փոխադարձություն, ինքնիշխանություն։
Խաչատուրյանը նաև վստահեցրել է, որ ճանապարհը վերահսկելու են հայերը, չեն լինելու ոչ ամերիկացիներ, ոչ էլ որևէ մեկ ուրիշը: Հարցին, թե արդյոք բանակցությունների ընթացքում քննարկվել է արցախցիներին իրենց տները վերադարձնելու հարցը, Խաչատուրյանը պատասխանել է, որ այժմ չի կարող խոսել կոնկրետ այն կետերի, այն հարցերի մասին, որոնց մասին խոսել են կողմերը և պայմանավորվել:
Ճշտմանը, թե արդյոք նշանակում է, որ Ղարաբաղի հարցը փակված է, և մարդիկ, ովքեր այնտեղ դարեր շարունակ ապրել են, հնարավորություն չեն ունենանա վերադառնալ իրենց պատմական հողերը, ՀՀ նախագահը ենթադրել է, որ նման հնարավորություն դեռ կարող է լինել:
"Կարծում եմ, որ այդպես էլ պետք է լինի հետո։ Եթե մենք ապրենք խաղաղ պայմաններում, եթե շփվենք, այսինքն, մեր սահմանները բաց լինեն, և մեր միջև վստահությունը վերականգնվի, դրանից հետո կարելի է ընդհանրապես, խոսել այն բոլոր հարցերի մասին, որոնք մեր միջև կան, քննարկել, լուծում գտնել", - ասել է ՀՀ նախագահը։
Խոսելով Ադրբեջանում պահվող հայ պատանդների, այդ թվում ՝ Արցախի նախկին ղեկավարների ճակատագրի մասին ՝ Խաչատուրյանը վստահեցրել է, որ այդ հարցը միշտ Բաքվի հետ բանակցությունների օրակարգում է:
"Երեք տարի առաջ... 2022 թվականն էր, այո։.. COP 28... 2022 թվական, իմ կարծիքով... Նույնը ՝ քննարկում էինք հարցը, նաև քննադատում էին մեզ... Այսքան պատանդ..."Ես էլ եմ շատ տարբեր հանդիպումների մասնակցել, երբ հենց պատանդների հարազատներն են եկել մեզ մոտ, հանդիպել են մեզ հետ և այդ հարցը բարձրացրել են ։ Եվ ինչ-որ կերպ մենք հարցը լուծեցինք, պայմանավորվեցինք ադրբեջանցիների, ադրբեջանական կողմի հետ, և նրանք ազատ արձակեցին մեր պատանդներին, ինչ - որ ելք գտանք", - եզրափակել է Խաչատուրյանը։