


Արմինֆո. Հայաստանը չի դիտարկում Գյումրիից ռուսական 102-րդ ռազմակայանը դուրս բերելու հարցը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
"Հայաստանը չի դիտարկում 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը ։ Նման խոսակցություններ չեն եղել։ Ասելիք չկա", - ասել է քաղաքական գործիչը, անդրադառնալով օգոստոսին ռուսական ռազմակայանի դիմաց տեղի ունեցած փոքրաթիվ ակցիային, որը կազմակերպել էին արևմտամետ ՀԿ-ները ՝ Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման պահանջով։
Անդրադառնալով սեպտեմբերին ՀՀ վարչապետի Ռուսաստան նախաատեսվող այցին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությանը՝ Սիմոնյանը նշել է, որ հազիվ թե Նիկոլ Փաշինյանը մեկներ Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ: Նա նշել է, որ պաշտոնական բնույթի այցերը չեն կարող ընթանալ առանց նման մակարդակի հանդիպման ։
Ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանում տեղակայված է Մոսկվայի և Երևանի միջև 1995թ.կնքված միջպետական պայմանագրի համաձայն: Ռազմակայանի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում: ՌԴ-ն և Հայաստանը 2010թ. օգոստոսի 20-ին մինչև 2044թ. երկարաձգել են ռազմակայանի տեղակայման շուրջ պայմանագրի գործողության ժամկետը: Արձանագրությունը նախատեսում է նաև դրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտի ընդլայնում։ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի օդային բաղադրիչը Երևանում տեղակայված "Էրեբունի" ավիաբազան է, որի անձնակազմը հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միացյալ համակարգում:



