


Արմինֆո. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, բանաձևով նախատեսվում է 2025թ․ դեկտեմբերին կազմակերպել ՄԱԿ ԳԱ բարձր մակարդակի թեմատիկ հանդիպում՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակին։ Հանդիպումը նպատակ ունի խթանելու ցեղասպանության կանխարգելման և պատժի ուղղությամբ միջազգային ջանքերը:
Փաստաթուղթը համահեղինակել են ՄԱԿ բոլոր հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող անդամ պետություններ, ինչը վկայում է նախաձեռնությանը լայն միջազգային աջակցության մասին։
Հայաստանի կողմից ներկայացված բանաձևի ընդունումը նշանակալի քայլ է ցեղասպանությունների և զանգվածային հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի ամրապնդման և խթանման, ինչպես նաև ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունների համախմբման ուղղությամբ։
Հայաստանի նախաձեռնությամբ 2015թ․ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունված A/RES/69/323 բանաձևով դեկտեմբերի 9-ը հռչակվել էր Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Բանաձևն ընդգծում է ցեղասպանության զոհերի հիշատակի անհրաժեշտությունը, ինչն առանցքային դեր է խաղում նման հանցագործությունների կանխարգելման գործում։



