
Արմինֆո. Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված հռչակագրով հայկական կողմն ամբողջությամբ ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները, բայց՝ առանց Արցախի և առանց Լաչինի միջանցքի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ իրենց գործողություններն արդարացնելու համար իշխանություններն ամեն կերպ փորձում են համոզել ժողովրդին, որ մինչ այդ Ադրբեջանը Հայաստանից պահանջել է արտատարածքային միջանցք, որն իրենք չեն տրամադրել։ Որպես օրինակ նա հիշեցրել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը, ով, մասնավորապես, նշել է. «Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ, թեման փակ է»։ «Մեզ մոտ միջանցք բառը ո՞ր հարցում է խնդրահարույց․ Ադրբեջանը մինչ այժմ միջանցք ասելով՝ նկատի ուներ արտատարածքային միջանցք, իսկ նախագահ Թրամփը միջանցք ասելով՝ նկատի չունի արտատարածքային միջանցք։ Ստորագրվել է փաստաթուղթ՝ հռչակագիր, որը բացառում է արտատարածքային միջանցքի գոյությունը»,- ընդգծել է Ռուբինյանը։
Այդ առնչությամբ Մարուքյանը հիշեցրել է, որ ժամանակին, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, թե դեմ են միջանցքային տրամաբանությանը, Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները պատասխանում էին, որ ձեռք բերված պայմանավորվածություններով սուվերենության կամ տարածքային ամբողջականության խնդիր անգամ չկա։
«Ադրբեջանի դիրքորոշումն այն էր, որ պետք է լինի միջանցք՝ Հայաստանի ճանաչված տարածքում, սակայն առանց հայկական վերահսկողության այդ hաղորդակցության վրա, և որ միջանցքով անցնողները չպետք է առնչվեն Հայաստանի ծառայությունների և հայ սահմանապահների հետ։
Հիմա, եթե ուշադիր կարդանք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Հռչակագրի տեքստը, որում ԱՄՆ-ն հանդես է եկել որպես վկա, կտեսնենք, որ հայկական կողմը ամբողջությամբ ընդունել է ադրբեջանական պահանջը։
Իսկ որպեսզի դա արդարացնեն, իշխանության ներկայացուցիչները խրոխտ դեմքով փորձում են համոզել մեզ, թե մինչ այդ Հայաստանից պահանջում էին արտատարածքային միջանցք, բայց մեր հմուտ իշխանությունը պայքարեց և չտրամադրեց այն։
Սա հերթական կեղծիքն է, որն իշխանության ներկայացուցիչը հրամցնում է մեր ժողովրդին։
Վաշինգտոնում իշխանությունը տվել է այն ամենը, ինչ պահանջել է Ալիևը, ուղղակի արդեն առանց Արցախի, առանց Լաչինի միջանցքի և բացարձակապես առանց որևէ վերահսկողության, զուտ ոչ մի բանի դիմաց սառը հաշվարկով և ընդամենը մեկ նպատակով՝ փորձել վերընտրվել 2026-ին։ Միջանցքը չի’ լինելու, դուք էլ չեք վերընտրվելու», - գրել է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր ՝ ուղղված Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորմանը:
Մինչդեռ, անկախ փորձագետները հակված են կարծելու, որ "Թրամփի կամուրջը" ոչ այլ ինչ է, քան, պարզապես, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" փոխված անվանում, որը վտանգի տակ կդնի Հայաստանի Սյունիքի մարզն ու երկրի տարածքային ամբողջականությունը: