


Արմինֆո. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդել է այն ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Անկարան գործելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Ադրբեջանի հետ համակարգմամբ: Կողմերը նշանակել են կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ՝ Սերդար Քըլըչը եւ Ռուբեն Ռուբինյանը, որոնք արդեն մի քանի փուլ բանակցություններ են անցկացրել, սակայն ինչ-որ բեկումնային որոշումների հասնել նրանց դեռ չի հաջողվել:



