


Արմինֆո.Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հանդես է եկել ի պաշտպանություն մի շարք հայանպաստ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք պարունակվում են ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող 2026 թվականի "Ազգային պաշտպանության մասին օրենքում"։
ԱրմԻնֆո-ին տրամադրված ANCA-ի հաղորդագրության համաձայն, փոփոխություններն ուղղված են, մասնավորապես, Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը, հայ ռազմագերիների ազատ արձակմանը, Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձին, հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը, Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության դադարեցմանը, ԱՄՆ նախագահի լիազորությունների սահմանափակմանը' 907 ուղղման ամենամյա չեղարկման և Թուրքիա զենքի մատակարարումների սահմանափակման առնչությամբ:
Մեկնաբանելով առաջարկված նախաձեռնությունը ՝ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Ադրբեջանը կշարունակի հայ գերիների ապօրինի կալանավորումը, հայկական տարածքների օկուպացումն ու Արցախի քրիստոնեական ժառանգության ոչնչացումը, քանի դեռ պատասխանատվության չի ենթարկվել:
"Կոնգրեսը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի ՝ դադարեցնելով ռազմական օգնությունը Ադրբեջանին և ամրապնդելով Հայաստանի անվտանգությունը", - վստահ է նա:
Մի շարք փոփոխություններ վերաբերում են նաև Թուրքիային ՝ արգելափակելով F-35 և F-16 կործանիչների մատակարարումն ու արդիականացումը, քանի դեռ Անկարան չի դադարեցրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների ինքնիշխանության խախտումները:
Սենատում Ադամ Շիֆի ներկայացրած ուղղումը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանում հայ բանտարկյալների նկատմամբ շինծու դատավարությունները, ազատ արձակել բոլոր բանտարկյալներին եւ պատանդներին, ինչպես նաեւ կիրառել Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցները մարդու իրավունքների խախտումներին մասնակից ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ:
Երկկուսակցական այդ նախաձեռնությունները հզոր օրենսդրական պատասխան են Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության սպառնալիքներին և ուժեղացնում են ԱՄՆ վերահսկողությունը Հարավային Կովկասում անվտանգության քաղաքականության նկատմամբ:



