
Արմինֆո. Այս տարի պաշտպանական ոլորտում կատարված աշխատանքների ծավալը կշարունակվի նաև հաջորդ տարի: Այդ մասին սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
"Մենք կիրականացնենք այն, ինչ հաստատված և պլանավորված է միջնաժամկետ ծախսային ծրագրերում, կիրականացնենք նույն ծախսերը", - ասել է նա:
Ընդ որում, փոխնախարարը խոստովանել է, որ այս պահին ինքը տեղյակ չէ, թե արդյոք 2026 թվականի բյուջեով կկրճատվեն ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար հատկացումները:
«Բյուջեն ԱԺ-ում կհաստատվի դեկտեմբերին։ Կարծում եմ՝ այն ժամանակ ամեն ինչ կպարզվի։ Եթե ձեր հարցն այն է, որ մեր Պաշտպանության նախարարությունը տարբեր միջոցներ չի ձեռք բերելու իր գործառույթներն իրականացնելու համար կամ ավելի քիչ է ձեռք բերելու, ապա վստահեցնում եմ, որ 2026 թվականին Պաշտպանության նախարարությունը կաշխատի նույն տրամաբանության շրջանակներում, ինչ 2024, 2025 թվականներին", - հայտարարել է Սարգսյանը։
Մեկնաբանելով այն մտավախությունները, որ Ադրբեջանն ինտենսիվորեն զինվում է, մինչդեռ, ՀՀ վարչապետն ու ֆինանսների նախարարը նշել են, որ պաշտպանական ոլորտում ծախսերի էական ավելացում չկա, փոխնախարարը նշել է. "Ադրբեջանի ռազմական բյուջեն վերջին 30 տարիների ընթացքում մի քանի անգամ գերազանցել է Հայաստանի Հանրապետության բյուջեն։ Եթե ձեր մտահոգությունը վերաբերում է այն բանին, որ մենք մեր պաշտպանական բյուջեն հասցնենք Ադրբեջանի մակարդակի, ապա դա չի լինի»։
ՊՆ ներկայացուցչի հավաստմամբ՝ ամեն դեպքում, հատկացումների ավելացումը կախված կլինի պետական գանձարանի՝ այդ ծախսերը հոգալու կարողությունից։
Ավելի վաղ Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ֆոնին երկրի իշխանությունները ծրագրում են 2026 թվականի բյուջեում նվազեցնել պաշտպանական ծախսերը՝ 2025 թվականի համեմատ: Նրա ասելով՝ դա արդեն ամրագրված է բյուջեի նախագծում: Ընդ որում, անհասկանալի էր, թե արդյոք խոսքը բացարձակ գումարների կրճատման մասին է, թե՝ միայն բյուջեի կառուցվածքում մասնաբաժնի նվազման մասին՝ պահպանելով ծախսերի ներկայիս մակարդակը։
Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ֆինանսների նախարարի հայտարարությունը, նշել էր, որ Հայաստանը մտադիր չէ 2026 թվականին ավելացնել ռազմական բյուջեն: "Հնարավոր է, որ 2026 թվականի բյուջեում ծախսերի զգալի աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չլինի։ Կարծում եմ՝ տրամաբանական է, համենայն դեպս, մեր գնահատականն այս պահին սա է", - ասել էր Փաշինյանը։
Նույն օրն Ադրբեջանի նախագահ Իլժամ Ալիեւը հայտարարել էր, որ երկիրը մեծացնում է իր ռազմական հզորությունը՝ անվտանգության ապահովման համար, սակայն, ընդսմին, պատերազմ չի ցանկանում: "Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի որ աշխարհում գործընթացների ընթացքն այնպիսին է, որ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կլինի վաղը", - ասել էր նա: Նախագահի խոսքով ՝ 2020 թվականին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո երկիրը բարելավել է իր զինված ուժերը. հատուկ նշանակության ուժերի թիվն ավելացել է հազարավոր մարտիկներով: Բացի այդ, երկիրը ձեռք է բերել նոր անօդաչու թռչող սարքեր և հրետանային համակարգեր, ինչպես նաև պայմանագրեր է կնքել նոր մարտական ինքնաթիռներ գնելու համար:
Նշենք, որ Հայաստանի 2025 թվականի պետբյուջեի համաձայն, պաշտպանության ծախսերը նախատեսված են ՀՆԱ-ի 6,1 տոկոսի մակարդակում (664,6 մլրդ դրամ՝ ավելի քան 1,7 մլրդ դոլար), ինչը 20 տոկոսով բարձր է 2024 թվականի ցուցանիշից։ Հայաստանը գրեթե երկու անգամ ավելացրել է պաշտպանական ծախսերը 2020-2021 թվականների համեմատ, երբ բյուջեն կազմում էր շուրջ 312 մլրդ դրամ։
Մինչդեռ, Ադրբեջանի ռազմական բյուջեն 2025 թվականին արդեն հասել է 5 մլրդ դոլարի։