
Արմինֆո. Ակնհայտ է, որ ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ, և որ իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ, "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում:
Այդ առումով նա իր ելույթում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մտահոգիչ հաղորդումներ են ստացվում այն մասին, որ Բաքվում պահվող հայ գերիները ծանր հոգեվիճակում են և, նույնիսկ, ինքնասպանության փորձեր են կատարել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այցելությունների ընդհատումից հետո, մարդասիրական գործողություն, որն այժմ դադարեցված է։ «Գրեթե երկու ամիս է՝ գերիները լիակատար մեկուսացման մեջ են, և ոչ մի անկախ միջազգային կազմակերպություն նրանց չի այցելել։ Նրանց կալանքի, առողջական կամ հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին այցելել են հունիսին։ Այս միջազգային կազմակերպությունը Բաքվում իր գործունեությունը վերջնականապես դադարեցրել է Ադրբեջանի իշխանությունների պահանջով։ Չնայած 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրին՝ կարող եմ նշել, որ գերիների ազատ արձակման հարցում առաջընթաց չի արձանագրվել», - դժգոհել է Գեւորգյանը։
Որպես օրինակ նա նշել է Համասը, որը պատանդներ է պահում բանակցություններում ազդեցության լծակներ ունենալու համար: Նրա ասելով՝ այդպես էլ Իլհամ Ալիևը հայ գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին բանակցային գործընթացում օգտագործում է որպես «քաղաքական խաղաքարեր»։
Այդ առնչությամբ նա կազմակերպության անդամներին կոչ է արել պահանջել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և չեզոք երրորդ կողմի հյուպատոսական կամ մարդասիրական կազմակերպությունների անհապաղ և անարգել մուտքը Բաքվում գտնվող բանտարկյալների մոտ; բոլոր բանտարկյալների ազատ արձակում; ձեռնարկել այդ չարաշահումներում ներգրավված Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառելու քայլեր և աջակցել միջազգային հետաքննություններին։ «Նրանք գերիներ չեն, այլ քաղաքական մանիպուլյացիայի կենդանի գործիքներ։ Ակնհայտ է, որ ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ, և որ իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա», - ամփոփել է ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության անդամը:
Հիշեցնենք, որ ներկայումս ադրբեջանական բանտերում պահվում է 23 հայ, այդ թվում ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի զինված հարձակումից հետո գերեվարված 16 անձ։ Գերիների թվում են Արցախի նախկին ութ պաշտոնյաներ. նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: