


Արմինֆո. Եվրամիությունը, որպես մերձավոր գործընկեր, շարունակելու է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին և ապահովել լիարժեք խաղաղության հասնելուն ուղղված կոնկրետ քայլերի և միջոցառումների իրականացումը: Այս մասին գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ Twitter-ի (X) իր էջում ամփոփելով Հայաստան կատարած այցի արդյունքները:
Նա նշել է, որ Հայաստան կատարած տարածաշրջանային այցի շրջանակներում մտքերի կարևոր և բովանդակալից փոխանակում է ունեցել հայ գործընկերների հետ: Պաշտոնյան հիշեցրել է, որ Երևանում հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և առանցքային ինստիտուտների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: "Մեր կարծիքների փոխանակումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա՝ շեշտը դնելով փոխգործակցության հարցերի, հնարավոր ապագա անդրսահմանային համագործակցության եւ հանուն խաղաղության տարածաշրջանի բաց լինելու, ինչպես նաեւ Վաշինգտոնի պատմական համաձայնագրերին համապատասխան հաշտեցման ջանքերի վրա", - նշել է Գրոնոն:
Նրա խոսքով՝ տեղի է ունեցել նաև տեղեկատվական առումով շատ կարեւոր այց Տավուշի մարզ՝ նվիրված անվտանգության և հումանիտար խնդիրներին:



