


Արմինֆո. Ռուսական կողմը հիմնավորված է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով Մինսկի խմբի լուծարման մասին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) որոշումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ։
Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ ՌԴ-ն ԵԱՀԿ մյուս անդամների հետ անմիջական մասնակցություն է ունեցել կոնսենսուսի կանոնի հիման վրա այդ որոշման ընդունմանը: "Այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված ՝ տարածաշրջանում իրադրության արմատական փոփոխությունների պատճառով", - ըստ ՏԱՍՍ-ի՝ նշել է նա։
"Մինսկի ինստիտուտները փակելու նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին և Ադրբեջանին ։ Այդ պետությունների արտգործնախարարները համապատասխան առաջարկությամբ օգոստոսի 11-ին դիմել էին ԵԱՀԿ , դրանով իսկ հաստատելով, որ Բաքուն և Երևանն այլեւս Մինսկի գործընթացի գործիքակազմի կարիքը չունեն։ Հիշեցնեմ, որ Մինսկի խմբի աշխատանքի ողջ ընթացքում ռուսական համանախագահությունն առավելագույն ջանքեր է գործադրել առաջադրված խնդիրների լուծման համար ՝ ի շահ մեր բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաշտեցման", - հիշեցրել Է Զախարովան։
ԵԱՀԿ Մինսկի գործընթացը մեկնարկել էր 1992 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, դրա հիմնական տարրը Մինսկի խումբն էր, որի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:



