


Արմինֆո.44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում:
«Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի փետրվարին: Հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են տասնյակ ժամերի տեսանյութեր, գաղտնի փաստաթղթեր, լսել են հրավիրված մի քանի տասնյակ պաշտոնյաների, այդ թվում՝ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:



