
Արմինֆո. Երեւանում կալանավորված ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) ընկերության վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի վճիռն այս պահին չի կատարվում Հայաստանի կառավարության կողմից, քանի որ այն միջանկյալ է, եւ դրա կատարումը կամ չկատարումն այս փուլում կամավոր է: Իսկ վերջնական դատավճռի դեպքում կա կոնկրետ մեխանիզմ, որը ենթադրում է դրա հարկադիր կատարում։ Այդ մասին սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի վճռի անտեսմանը։
Այնուհետև, հակասելով իր իսկ խոսքերին, Գալյանը նշել է, որ, նույնիսկ, այդ դեպքում հարկադրանքի մեխանիզմը պետք է իրականացվի ազգային օրենսդրության շրջանակներում, քանի որ ոչ մի միջազգային դատարան, ըստ նրա, չի կարող ստիպել կառավարությանը կատարել որևէ որոշում, հատկապես, "եթե դրանք հակասում են տվյալ երկրի հասարակական կարգին":
"Բացի այդ, կա մեխանիզմ, որը ենթադրում է այդ որոշման չկատարում, եթե դատարանը որոշի, որ այն խախտում է հասարակական կարգը ։ Այն ամենը, ինչ ես ասում եմ, ոչ թե իրականությունից կտրված մտքեր են, այլ՝ կարգավորումներ, որոնք կարելի է գտնել միջազգային և ներազգային իրավական ակտերում", - վստահեցրել է արդարադատության նախարարը։
Գալյանը հավանական է համարում, որ արբիտրաժը կարող է, արդյունքում, կայացնել այնպիսի որոշում, որը ենթակա չի լինի կատարման ՀՀ կառավարության կողմից: Այլապես, ինչպես նշել է արդարադատության նախարարը, այդ դեպքում ինչու են ստեղծվել կարգավորումներ, որոնց հիման վրա արբիտրաժի վճիռը կարող է չկատարվել։ "Հայաստանը գործել է սեփական օրենսդրության շրջանակներում, և, ըստ էության, արբիտրաժի որոշմամբ սահմանվում է, որ մենք չպետք է օգտագործենք մեր ներքին օրենսդրությունը ։ Ուստի, մենք էլ, մեր հերթին, հայտարարում ենք, որ մեր պետությունն իրավական է և պետք է հետևի այն իրավական կարգավորումներին, որոնք գոյություն ունեն, կիրառվում են և սահմանադրական են։ Արբիտրաժի որոշումը հակասում է հենց դրան ", - պարզաբանել է նախարարը։
Անդրադառնալով այդ առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե "կառավարությունն ինքն է", և գործադիրում որևէ մեկը չի կարող իրեն հակասող դիրքորոշում ունենալ, Գալյանը հակընդդեմ հարց է ուղղել. «Ես էլ եմ կառավարություն, եւ ի՞նչ»: Նրա խոսքով ՝ դրանում ինչ-որ փոխաբերություն կա ։ "Ես, ինչպես և մյուս նախարարները, մենք՝ բոլորս, կառավարության անդամ ենք, ուրեմն հավաքական առումով բոլորս յուրատեսակ կառավարություն ենք", - նշել է նախարարը:
Գալյանը կարծում է, որ Փաշինյանն իր հայտարարությամբ ամենևին էլ նկատի չի ունեցել, որ որոշումները կայացնում է բացառապես ինքը, որքան էլ լրագրողները փորձեն դա իրեն ապացուցել: "Ես ՝ կառավարության անդամս, մենք քաղաքական ուժ ենք, որը եկել է իշխանության, մեր խոսքն ու մտքերը, ինչպես նաև մեր գործողությունները պետք է լինեն մի բանի մասին. սա այն է, ինչ նկատի ուներ վարչապետը", - վստահեցրել է Գալյանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի ՀԷՑ-ի գործով արբիտրաժային դատարանում Հայաստանի պարտությանը, հայտարարել էր, որ հանրապետությունը ոչ թե պարտվել է, այլ շահել է, և այդ հարցը փակված է և քննարկման ենթակա չէ: Դիտարկմանը, թե այդ մասին են վկայում նաև միջազգային-իրավական հարցերի գրասենյակի հայտարարությունները, Փաշինյանն ասել էր. "Որևէ մեկը չի կարող ունենալ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում։ Ընդհանրապես, եթե կառավարությունում կան մարդիկ, որոնց դիրքորոշումը տարբերվում է իմ դիրքորոշումից, թող հենց հիմա դիմումներ գրեն և դուրս գան շենքից։ Եթե ոչ, ես ինքս նրանց կազատեմ"։
Հիշեցնենք, որ "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը շահել են ՀԷՑ-ի պետականացման գործով Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային վեճը: Գործի քննությունը տեղի է ունեցել Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտում' Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին 1995թ. հունվարի 18-ի համաձայնագրի հիման վրա: Դատարանը վճռել է, որ Հայաստանը պարտավոր է ձեռնպահ մնալ վերջերս խորհրդարանի կողմից ընդունված "Էներգետիկայի մասին" և "Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին" օրենքներում փոփոխություններ կատարելուց, ինչպես նաև ՀԷՑ-ի ակտիվների առգրավմանն ուղղված հետագա ցանկացած քայլից:
Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը չի կատարվի։ Հայաստանի կառավարության հայտարարության մեջ, մասնավորապես, ընդգծվում է. "Հարգելով օտարերկրյա արբիտրաժային որոշումներով կիրառվող միջանկյալ միջոցները, բոլորը պետք է առաջնորդվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնք սահմանում են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կանոններն ու ընթացակարգերը":