
Արմինֆո. Մեծ Բրիտանիայի ազգային կոնտակտային կետը (NCP)՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խոշոր գործակալությունը և դիտորդ մարմինը, հայտարարել է Chapman Taylor բրիտանական ճարտարապետական ընկերության պաշտոնական ստուգման մեկնարկի մասին ՝ Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան Շուշիում իրականացվող վերակառուցման հետ կապված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված jn Kerkonian Dajani LLP-ի հաղորդագրությունում:
"Մեծ Բրիտանիայի ազգային կոնտակտային կետը կարծում է, որ դիմումատուի կողմից տրամադրված հաշվետվություններն ընդգծում են մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի լրջությունը այն տարածքներում, որտեղ Chapman Taylor-ը կատարել է վերակառուցում", - հայտարարել է Մեծ Բրիտանիայի ազգային կոնտակտային կետն իր նախնական գնահատման հաշվետվությունում:
Մեծ Բրիտանիայի բիզնեսի պատասխանատու վարման հարցերով ազգային կոնտակտային կետն ընդունել է "Ավան Շուշի Գործընկերություն" (Avan Shushi Partnership) կազմակերպության անունից Kerkonian Dajani LLP ընկերությանը ներկայացրած բողոքը՝ Chapman Taylor ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի պատմական Շուշի քաղաքի վերակառուցման վերաբերյալ:
Բողոքում պնդվում է, որ Շուշիի վերակառուցման ժամանակ Chapman Taylor-ի գործողությունները խախտել են կորպորատիվ պատասխանատվության ամենահարգված համաշխարհային չափորոշիչները, ոչ թե մեղմացնելով, այլ, ընդհակառակը, խորացնելով Արցախի բնիկ հայերի մարդու իրավունքների վրա բացասական ազդեցությունը։ Մեծ Բրիտանիայի ազգային կոնտակտային կետը հանգել է հետեւության, որ ՏՀԶԿ - ի ուղեցույցների բոլոր դրույթները, որոնք նշված են դիմումատուների կողմից, արժանի են հետագա ուսումնասիրության, և ավելի հեռուն գնացել, ուսումնասիրության համար ավելացնելով երկու լրացուցիչ դրույթ՝ Գլուխ II, 2 և 15 կետերը:
"Կորպորատիվ շահերը հիմնարար դեր են խաղում մարդու իրավունքները խախտող ռեպրեսիվ ռեժիմներին աջակցելու գործում։ ՏՀԶԿ գործընթացը վճռորոշ նշանակություն ունի բազմազգ սուբյեկտներին հիշեցնելու համար, որ մարդու միջազգային իրավունքների պահպանման համար նրանց պատասխանատվությունը դուրս է հաշվեկշիռներից եւ կորպորատիվ նվիրատվություններից սահմաններից", - հայտարարել է միջազգային իրավաբան եւ Kerkonian Dajani LLP-ի համահիմնադիր Քարնիգ Քերքոնյանը։
Ընդունելով բողոքը՝ Մեծ Բրիտանիայի ազգային կոնտակտային կետը համաձայնել է տրամադրել իր միջնորդության ծառայությունները: Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ միջնորդության միջոցով, Ազգային կոնտակտային կետը կշարունակի հետաքննությունը և վերջնական որոշում կկայացնի այն մասին, թե արդյոք Chapman Taylor-ը գործել է ՏՀԶԿ ուղեցույցների համաձայն:
"Չափազանց կարևոր է, որպեսզի ընկերությունները զերծ մնան մարդու իրավունքների խախտումներին նպաստող նախագծերին աջակցելուց։ Ադրբեջանի կողմից Շուշիի ռազմակալումը և դրա ազդեցությունը Շուշիում բնակվող տեղահանված հայերի վրա խորը տագնապ է առաջացնում", - հայտարարել է "Ավան Շուշի " ընկերության առաջատար գործընկեր Ալեք Բաղդասարյանը:
Բողոքի մեջ նշվում է, որ Chapman Taylor ընկերությունը շարունակել է իր աշխատանքը Շուշիում ՝ չնայած մարդու իրավունքների շարունակական խախտումներին: "Ավան Շուշի" ընկերությունը, որին պատկանում է Շուշիում գտնվող "Ավան Շուշի" հյուրանոցն ու զբոսաշրջային կենտրոնը, պնդում է, որ Chapman Taylor ընկերությունը ներգրավվել է Շուշիի վերակառուցմանն այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորականները 2020 թվականի նոյեմբերին վերահսկողության տակ են վերցրել պատմական հայկական այդ քաղաքը, և որ իր աշխատանքի ընթացքում Chapman Taylor-ն ակտիվորեն որոշել է Շուշիի շինությունների ճակատագիրը ՝ անգամ նշելով քանդման ենթակա շենքերն ու տները։
Բողոքը ներկայացրել են Kerkonian Dajani LLP միջազգային իրավաբանական ֆիրմայի համահիմնադիրներ Քարնիգ Քերքոնյանն ու Էլիզաբեթ Ալ-Դաջանին, ինչպես նաև նախկին ասոցացված փաստաբան Անի Նազարյանը։