


Արմինֆո. Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայրաքաղաքի երեք այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» դասական երաժշտական համերգաշարը։
Ինչպես հաղորդում է նախաձեռնության կազմակերպիչների մամուլի ծառայությունը, նախագծի հիմնական առաքելությունն է Երևանի այգիներում հնչեցնել բարձրաճաշակ դասական երաժշտություն՝ այն հասանելի դարձնելով ինչպես երևանցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։
Բացօթյա համերգները հնարավորություն կտան հանդիսատեսին վայելել համաշխարհային և ազգային դասական ստեղծագործություններ հանգստի և զբոսանքի մթնոլորտում՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։
Համերգային երեկոների ընթացքում կհնչեն հայ, ռուս և եվրոպացի մեծ կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ։ Ծրագիրը ներառում է ինչպես նուրբ վոկալիզներ՝ ներշնչված Լուսինե Զաքարյանի արվեստով, դարձնելով այն հասանելի լայն լսարանի համար, այնպես էլ Սատիայի նրբաճաշակ ֆրանսիական մեղեդիներ՝ հանդիսատեսի մոտ ձևավորելով սեր և հետաքրքրություն դասական երաժշտության հանդեպ։
Համերգաշարին հանդես կգա «Կանտատա» անսամբլը, մեցցո-սոպրանո, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Ելենա Վարդազարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ջութակահարուհի Գայանե Աբրահամյանը, թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Գառնիկ Ենգիբարյանը:
շ Համերգների ժամանակացույցը. սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին՝ Սիրահարների այգի, աջակից «Պողոսյանների պարտեզներ»; սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին՝ Մերգելյան այգի; սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00–ին՝ «Սիզնս» այգի: Մուտքն ազատ է։



