


Արմինֆո. ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է Ադրբեջանում կրոնական ազատության իրավիճակի վերաբերյալ հերթական ակնարկը ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին խորհուրդ տալով Ադրբեջանը թողնել կրոնական ազատությունների կոպիտ խախտումների դիտարկման հատուկ ցուցակում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները մնում են խիստ սահմանափակ, Ադրբեջանը շարունակում է կիրառել կրոնի մասին դրակոնյան օրենքը, որը քրեականացնում է չգրանցված կրոնական գործունեությունը և պետությանը վերահսկողություն է տրամադրում գրանցված կրոնական կազմակերպությունների նկատմամբ:
"Ադրբեջանը շարունակում է բանտարկել շիա մահմեդականներին, որոնք չեն ճանաչում պետության կողմից վերահսկվող մահմեդական ինստիտուտներն ու գործիչներին։ Անկախ քաղաքացիական հասարակության, հատկապես, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ շարունակվող բռնաճնշումները հանգեցրել են երկրում մարդու իրավունքների և կրոնի ազատության վերաբերյալ հաղորդագրությունների և հավաստի տեղեկատվության կրճատման: Ինչպես ձերբակալված կրոնական գործիչները, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հաղորդել են իրավապահ մարմինների և բանտային վարչակազմի կողմից խոշտանգումների, սեռական բռնության, անմարդկային կենսապայմանների և այլ տեսակի դաժան վերաբերմունքի մասին: Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հայկական պատմական կրոնական օբյեկտները նախկինի պես վտանգված են այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2020 և 2023 թվականներին կրկին գրավել է այդ տարածքները", - ասվում է փաստաթղթում։
"Կրոնական կյանքի նկատմամբ կառավարության լիակատար վերահսկողությունը տեղ չի թողնում անկախ կրոնական միավորումների ինքնարտահայտման կամ գործունեության համար ։ Հանձնաժողովը ԱՄՆ Պետդեպարտաամենտին խորհուրդ է տվել Ադրբեջանը թողնել կրոնական ազատությունների կոպիտ խախտումների դիտարկման հատուկ ցուցակում: Հունիսին USCIRF - ը լսումներ է անցկացրել Ադրբեջանում կրոնական ազատության իրավիճակի վերաբերյալ", - ասվում է հանձնարարականում։
Հիշեցվում է նաև, որ Պետդեպարտամենտն առաջին անգամ Ադրբեջանին հատուկ դիտարկման ցուսակում ներառել է 2023 թվականի դեկտեմբերին ։



