
Արմինֆո.Օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացված վաշինգտոնյան գործարքն աշխարհաքաղաքականությունն ու ԱՄՆ շահերը վեր է դասում Հայաստանի անվտանգությունից: Այդ մասին ասվում է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ։
Ինստիտուտում հիշեցրել են, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Սպիտակ տանը ՝ ստորագրելու համատեղ հռչակագիրը և նախաստորագրելու ԱՄՆ միջնորդությամբ կնքված "խաղաղության համաձայնագիրը"։
Այդ առումով Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է, որ խաղաղության վաղաժամ տոնակատարությունը վտանգավոր կերպով անտեսում է Ադրբեջանում ցեղասպանության պատմությունն ու Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքների պահպանումը:
"Համաձայնագրի ընթացիկ տեքստում բացակայում են տարածաշրջանում կայուն խաղաղության համար վճռորոշ նշանակություն ունեցող առանցքային հարցերը. 2023 թվականի Արցախի ցեղասպանության նկատմամբ արդարությունը, 100 000 տեղահանված հայերի իրավունքները, հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակումը, մշակութային ժառանգության ճակատագիրը և պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները ։ Փոխարենը՝ համաձայնագիրը Հայաստանին ստիպում է հետ կանչել իր հայցերը ՄԱԿ միջազգային դատարանից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ՝ դրանով իսկ զրկելով նրան ճշմարտության և արդարության հաստատման միակ օրինական ուղուց", - ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ համաձայնագիրը նաև ամրապնդում է Ադրբեջանի դիրքերը ՝ վերացնելով սահմանի երկայնքով երրորդ անձանց կողմից վերահսկողությունը, երկար սպասված միջանցք տրամադրելով Ադրբեջանին՝ Հայաստանի Սյունիքի մարզով, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնության հնարավորություն ընձեռելով և անտեսելով Բաքվի կողմից Հայաստանի տարածքների շարունակվող օկուպացիան և հայերի հասցեին ցեղասպան հռետորաբանությունը:
Լեմկինի ինստիտուտն ընդգծում է, որ այդ գործարքն աշխարհաքաղաքականությունն ու ԱՄՆ շահերը վեր է դասում Հայաստանի անվտանգությունից: "Առանց պատասխանատվության ենթարկելու, արդարության ապահովման և Հայաստանի ինքնիշխանության երաշխիքների, համաձայնագիրը վտանգում է լեգիտիմացնել Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը, խթանել հետագա ագրեսիան և, նույնիսկ, վտանգել Հայաստանի գոյությունը՝ որպես պետություն։
Մենք ողջունում ենք խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր անկեղծ ջանքերը, սակայն, չենք կարծում, որ ցեղասպանություն իրականացնող պետություններին կարելի է վստահել նրանց ապագան, ովքեր իրենց մշտական թիրախներն են։ Հայաստանի անվտանգության ապահովման համար ԱՄՆ-ը պետք է պարտադրի Ադրբեջանին փոփոխություններ և զիջումներ կատարել, որոնք նախատեսված են միջազգային իրավունքով, ներառյալ՝ զորքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից, բոլոր հայ պատանդների ազատ արձակումը և ներքին բարեփոխումների իրականացումը, որոնք ուղղված կլինեն պաշտոնական ցեղասպանական հակահայ քաղաքականության դադարեցմանը: ԱՄՆ-ը նաեւ պետք է աջակցի արդարադատության անկախ մեխանիզմին, որը կարող է ապահովել երկու երկրների պատմական վիրավորանքների բավարարումը", - վստահ են Լեմկինի ինստիտուտում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: