
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև դեկտեմբերի 6-ը հանրությանը հրապարակային կներկայացնի իր կարծիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Դա, հավանաբար, կլինի հարցազրույցի կամ հայտարարության ձևով»,- հաղորդել է նա:
Անդրադառնալով Deutsche Welle-ի հետ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանցազրույցին, որտեղ Քոչարյանը նկատել էր, որ բարեփոխումների նախագիծը չի ապահովում իր առջև դրված նպատակը` իշխանության ապակենտրոնացումը, Շարմազանովն ընդգծել է. «Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, չի գիտակցել սահմանադրական բարեփոխումների նպատակը: Բարեփոխումների նպատակը ոչ թե իշխանության ապակենտրոնացումն է, այլ կայուն կառավարման ապահովումը»,-պարզաբանել է նա:
Շարմազանովը նշել է նաև, որ Քոչարյանի վերջին հարցազրույցի տոնայնությունն այնքան էլ քննադատական չէր, ինչն առկա էր երկրորդ նախագահի` դրան նախորդող հայտարարություններում: «Նրա վերջերս կատարած հարցազրույցներում հնչել էին անընդունելի, սխալ եզրահանգումներ, բայց վերջին հարցազրույցում դա չկար»,-հավաստել է փոխխոսնակը:
Անդրադառնալով Քոչարյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումն ինտենսիվ բնույթ կկրի այնքան ժամանակ, մինչև հակառակորդին համարժեք պատասխանելու մասին Երևանի հայտարարությունները կյանքի չկոչվեն: Շարմազանովը նկատել է. «Հավանաբար, երկրոդ նախագահը չի տիրապետում հակամարտության գոտու վերաբերյալ ողջ տեղեկատվությանը, հակառակ դեպքում նա չէր պնդի, որ Ադրբեջանին համարժեք պատասխան տալու վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունները չեն իրականացվում»:
Նշենք, որ Deutsche Welle-ի հետ հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով սահմանադրական ռեֆորմներին, մասնավորապես, նմշել էր. «Խոսքն այն մասին է, որ ստեղծվում է մի Սահմանադրություն, որով սահմանադրորեն երաշխավորվում է որևէ մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը: Դա մի բան է, որ չունի կիրառման փորձ, գոնե՝ զարգացած ժողովրդավարությամբ երկրներում: Եվ ես կարծում եմ, որ այստեղ թաքնված շատ մեծ ռիսկեր կան: Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր «ղեկավարող, առաջնորդող» ուժի ստեղծման փորձ է արվում: Սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին է, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է, և պետք է այն ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե ապակենտրոնացում է, այլ կենտրոնացում մեկ կուսակցության շրջանակում»:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու լարված իրավիճակի մասին, Քոչարյանը, մասնավորապես, ընդգծել է. «Կարծում եմ՝ երբ կողմերից մեկը մտածում է որբանակցությունները խնդրի լիարժեք կարգավորման ճանապարհ չէ, այլ ուղղակի ինչ-որ ֆոն է ծառայելու, որպեսզի քիչ կրակեն, ապա հաստատ, ավելի շատ են կրակելու: Նաև առավել քան համոզված կարող եմ ասել, որ եթե պատասխան գործողությունների մասին հայկական կողմի հայտարարություներն ընդամենը խոսքեր մնան՝ հաստատ ավելի շատ կկրակեն»:
Նա նաև կտրուկ քննադատել է նաև Եվրամիության հետ Երևանի վարած քաղաքականոթյունը, մասնավորապես, ԵՄ հետ հարաբերություների խորացումը, ընդհուպ մինչև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որից հետո ուղղության հանկարծակի և անսպասելի փոխոխությունը`դեպի Եվրասիական տնտեսական միություն և Ասոցացումից հրաժարվելը: «Սակայն մենք դեռ երկար ենք զգալու այն վնասը, որ հասցվել է Հայաստանի հեղինակությանը մեկ օրում կատարված՝ եվրոպացիների և հայ հասարակության համար բոլորովին անսպասելի կտրուկ շրջադարձի արդյունքում»,-խոստացել է երկրորդ նմախագահը: