


Արմինֆո. Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները, կարևորելով Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետագա ընդլայնումը և խորացումը, քննարկել են փոխայցելությունների և դիվանագիտական շփումների օրակարգը, առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության ակտիվացումը, գործարար կապերի խթանումը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառությունն աճում է, սակայն առկա է ծավալները հետևողականորեն ավելացնելու մեծ ներուժ:
Այդ առումով, կարևորվել է Հայաստան-Վիետնամ տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:
Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխաջակցությանը, զբոսաշրջության ոլորտում կապերի խորացմանը, փոխադարձ այցելությունների դյուրացման հնարավորություններին:
Նշենք, որ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի հաշվետվություններում Վիետնամը չկա՝ երկկողմ ապրանքաշրջանառության փոքր ծավալների առնչությամբ։ Այսպես, ըստ ՀՀ մաքսային ծառայության վերջին տվյալների ՝ 2024 թվականին Հայաստանից Վիետնամ արտահանվող ապրանքների մաքսային արժեքն աճել է 9.8 անգամ ՝ կազմելով 6.3 մլն դոլար, այն դեպքում, երբ Վիետնամից Հայաստան ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի աճը կազմել է 9% ՝ մինչև 876.5 մլն դոլար:



