
Արմինֆո. Օգոստոսի 31-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ստորագրման արարողությունը կայացել է Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում։
Կոմյունիկեի ստորագրմամբ Հայաստանը և Պակիստանը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։ Երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության և խաղաղ գոյակցության սկզբունքները։
Հայաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել Ներկայացուցիչներով և միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թ. Վիեննայի կոնվենցիային և միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով։
Նախքան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկեի ստորագրումը Արարատ Միրզոյանը եւ Մոհամմադ Իշաք Դարը գոհունակությամբ նշել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ կայացված որոշումը և քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը և այդ համատեքստում ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ Այս կապակցությամբ Պակիստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իշաք Դարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին։
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված մյուս համաձայնություններին։
Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ և ՇՀԿ, փոխգործակցության հարցերի շուրջ։
Նշենք, որ նախկինում Պակիստանը չէր ճանաչում Հայաստանի անկախությունը։ Դա պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Պակիստանի ադրբեջանամետ դիրքորոշմամբ։