
ԱՄՆ շատ է կարևորում հարևանների հետ Հայաստանի համագործակցությունը: Այս մասին նոյեմբերի 19-ին հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:
Փոխվարչապետը նշել է, որ ԱՄՆ օժանդակել է և շարունակում է օժանդակել բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի շինարարությանը, որի օրինակն է` Հայաստանը-Վրաստան ԷՀԳ-ն, ինչը թույլ է տալիս միավորել տարածաշրջանի էներգետիկ համակարգերը: Պատասխանելով հայ-թուրքական սահմանի բացման քննարկումների հնարավորության վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին, Գաբրիելյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ միջև առևտրա-տնտեսական համագործակցության օրակարգում տվյալ պահին այդ հարցը չկա: «Թուրքիայի հետ պրոբլեմը շատ ավելի լայն է»,-ընդգծել է Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ գերմանական KfW բանկը 85,2 մլն եվրո (75 մլն եվրո և 10.2 մլն եվրո) կտրամադրի Հայաստանին «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում: Փոխնախարարի խոսքով, 105,2 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրի նպատակը հայկական և վրացական էներգահամակարգերի միացումն է: Հայկական կողմից միացումը կիրականացվի 400 կՎ Հրազդանի ենթակայանի, իսկ վրացական կողմից`500 կՎ Մառնեուլի ենթակայանի միջոցով: Ընդհանուր առմամբ նախագծի իրականացման նպատակով մինչև 2025 թվականը կներդրվի 330 մլն եվրո: Ամբողջ նախագիծը նախատեսվում է իրականացնել երեք փուլով: 2018 թվականին կավարտվի 105 մլն եվրո արժողությամբ առաջին փուլը, ինչը թույլ կտա այդ պահից սկսած ձեռնամուխ լինել Վրաստանի էներգահամակարգի հետ զուգահեռ աշխատանքին: Մինչև 2021 թվականը երկրորդ փուլի իրականացմանը նախատեսվում է ուղղել 100 մլն եվրո, իսկ երրորդ փուլում`մինչև 2025 թվականը, ևս 125 մլն եվրո: Արդյունքում Հայաստանը կունենա ԷՀԳ, որով հնարավոր կլինի մինչև 1 հազար մեգավատտ ծավալով էլեկտրաէներգիայի փոխհոսքեր իրականացնել: Բացի այդ, նոր էլեկտրահաղորդման գիծը վրացական էներգահամակարգի հետ սինխրոն ռեժիմով աշխատանքի հնարավորություն կտա և թույլ կտա ՄՄ ու Եվրասիական միության շուկա դուրս գալ: Այդ դեպքում հանրապետությունը կարող է հանդես գալ նաև էլեկտրաէներգիայի տարանցիկ երկրի դերում`ունենալով Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապող ԷՀԳ: