
Արմինֆո. Հայաստանի նախկին նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Հանրապետության նախկին ղեկավարի Բակո Սահակյանի ծննդյան օրվա առթիվ հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ:
Սերժ Սարգսյանը նրանց մաղթել է համբերություն և տոկունություն: Նա հույս է հայտնել, որ իր մարտական ընկերոջ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչների նկատմամբ Բաքվում ընթացող ապօրինի դատավարությունը շուտով կավարտվի, և Բակո Սահակյանը Հայրենիք կվերադառնա՝ որպես պատանդ պահվող բոլոր ռազմագերիների հետ միասին:
ՀՀ 3-րդ նախագահը վստահեցրել է, որ այդ նպատակով ինքն ու իր ղեկավարած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ը, շարունակելու են անել հնարավոր ամեն ինչ՝ միջազգային հարթակներում և Հայաստանում այդ հարցը մշտապես բարձրացնելու, մարդու իրավունքների և արդարության պատշաճ պաշտպանության հասնելու ուղիներ փնտրելու, ինչպես նաև Բաքվի բանտերում ապօրինի պահվող զինակիցների ընտանիքներին ամենօրյա ուշադրության և հոգածության կենտրոնում պահելու համար:
Հիշեցնենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ ներկայումս ադրբեջանական բանտերում պահվում է 23 հայ, այդ թվում ՝ 16 մարդ, որոնք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո (անկախ փորձագետները նշում են պաշտոնական թվերը մի քանի անգամ գերազանցող թվեր)։ Գերիների թվում են Արցախի նախկին ութ պաշտոնյաներ. նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ Ադրբեջանում հունվարի 17-ից շինծու դատական գործընթաց է ընթանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր պաշտպանել հետապնդվող հայ քրիստոնյաներին Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս: Բացի այդ, օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել է աջակցել ադրբեջանական բանտերում պահվող 23 հայերի ազատ արձակմանը: Թրամփը հիշատակել է Բաքվում գերության մեջ գտնվող 23 քրիստոնյա հայերի մասին և ընդգծել, որ կխնդրի Ալիևին բաց թողնել նրանց: «Կարծում եմ, որ նրանք դա կանեն ինձ համար: Դա կարևոր է, այնպես չէ՞», - դիմել է նա Փաշինյանին։