
Արմինֆո. Օգոստոսի 29-ին՝ Անհետ կորածների միջազգային օրը, Գորիսում տեղի է ունեցել լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված անհետ կորածների ընտանիքների սպասմանը: Մի քանի տասնյակ լուսանկարներ, որոնք պատկերում են ոչ մտացածին պատմություններ ցավի, տառապանքի, սպասումների և, պարզապես, հարազատ մարդուն՝ ամուսնուն, հորը, եղբորը, որդուն, նրան, ում տարել է պատերազմը կրկին տեսնելու հույսի մասին:
Այդ լուսանկարներից մեկում պատկերված է սեղանին շարված նարդու դիմաց մեջքով նստած մի երիտասարդ, իսկ դիմացը դատարկ աթոռ է, որից կախված է թանաքագույն պիջակ: Մեջքով նստած երիտասարդը Վայքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մհեր Ստեփանյան որդին է՝ Տիգրանը, ով կորել էր 2020 թվականի աշնան 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Հայրենիքը պաշտպանելիս: Նարդին Տիգրանի համար դարձել էր հորը մարմնավորող յուրօրինակ խորհրդանիշ։ Ստեղծվում է տպավորություն, որ այս նարդու միջոցով որդին փորձում է կապ պահել իր համար թանկ այն մարդու հետ, ում մասին լուր չկա արդեն, գրեթե հինգ տարի, լրացնել այն դատարկությունն ու կարոտը, որ խժռում է ներսից: Ստեփանյանների ընտանիքում նարդին դարձել է վերադարձի սպասման և հույսի խորհրդանիշ։

Փոխգնդապետ Սահակյանի կինը՝ Անուշը, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է, որ ամուսինն անհետացել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ի գիշերը՝ Ջրականի պաշտպանության ժամանակ իր 51-ամյակի օրը: Նրանք մինչ օրս ոչինչ չեն կարողացել իմանալ նրա ճակատագրի մասին։
"Ամուսինս Արցախյան առաջին պատերազմից մասնակցել է Հայրենիքի պաշտպանության գործողություններին։ Նա հայկական բանակի սպա է՝ կոչումով փոխգնդապետ։ Ամուսինս գումարտակի հրամանատարն էր ։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա իր գումարտակով և Վայք քաղաքի ողջ գնդով մեկնել է Արցախ։
Նրանք Ջրականում էին, որտեղ ծառայում էր նաև մեր որդին՝ հայկական ԶՈՒ ժամկետային զինծառայողը", - պատմում է Անուշը ։
Նրա ասելով՝ ամուսինը փորձել է գտնել որդուն, սակայն հանգամանքները թույլ չեն տվել, վիճակը շատ ծանր է եղել, մեծ իրարանցում է եղել, խառնաշփոթ է եղել: "Ամուսինս մեկնեց այնտեղ՝ մեր որդուն հանդիպելու հույսով, բայց հանգամանքները թույլ չտվեցին։ Նրանք 5 օր շատ կատաղի, անհավասար պայքար են մղել։ Այդ ուղղությամբ հակառակորդը կենտրոնացրել էր իր ողջ ռազմա-օդային ներուժը։ Նրանք փորձել են ամբողջությամբ ոչնչացնել Վայքի գունդը։ Դա էր հակառակորդի խնդիրը", - արցունքն աչքերին պատմում է Անուշը։

Նրա խոսքով ՝ չնայած հրամանատար լինելուն, նա շարքային զինծառայողների հետ հավասար մարտեր է վարել խրամատներում ՝ ոչ մի րոպե չլքելով իր զինվորներին։ "Ինչպես պատմում են այնտեղից վերադարձած տղաները, նա միայն ջուր ու փամփուշտներ էր խնդրում։ Ընդամենը՝ ջուր և փամփուշտներ, և ուրիշ ոչինչ: Հոկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, հակառակորդը հանկարծակի հարձակվել է. թեժ մարտեր են սկսվել, հակառակորդը մարտի է նետել իր ողջ զինանոցը, կիրառվել է ամենածանր տեխնիկան: Նրանք փորձել են գրավել մեր դիրքերը։ Տղաները պատմում են, որ հակառակորդն արդեն այնքան մոտ է եղել, որ իրենք լսել են նրանց ձայները։ Ամուսնուս առաջարկել են լքել խրամատը, բայց նա, որպես հայ սպա, հայ հայր և, պարզապես, հայ, հրաժարվել է դա անել, ասելով, որ ինքը չի կարող լքել իրեն վստահված դիրքերը, և եթե մեռնի, ապա՝ դիրքում", - շարունակում է Անուշը։
Փոխգնդապետի կինն ասում է, որ արդեն հոկտեմբերի 13-ի առավոտյան իր ամուսնուն ոչ ոք չի տեսել։ Անուշը հավելում է, որ չնայած այդ ուղղությամբ կազմակերպված բազմաթիվ որոնողական աշխատանքներին, ամուսնուն գտնել չի հաջողվել: "Որոնողական աշխատանքներին մասնակցել է նաև ամուսնուս հարազատ եղբայրը, ով ինքն է փորել ամբողջ խրամատը, որտեղ նա կարող էր լինել։ Բայց մինչ այժմ մենք նրա մասին ոչ մի նորություն չունենք: Դա անտանելի ցավ է պատճառում: Ես, պարզապես, ապրում եմ հույսով, որ ինչ-որ լուր կստանամ", - ասում է Անուշը։
Նա չի բացառում, որ իր ամուսինը գերեվարվել է հակառակորդի կողմից ։ "Ինչու ոչ, չէ որ նա Հայոց բանակի սպա էր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից։ Նրա մասին խոսել են անգամ ադրբեջանական ԶԼՄ-ներում ։ Միգուցե նա վիրավորվել է և գերեվարվել հակառակորդի կողմից։ Մենք չենք բացառում նման տարբերակը, քանի որ հակառակորդը շատ մոտ է եղել", - նշել է նա, դառնությամբ նկատելով, որ ամուսինը կորել է իր 51-ամյակի օրը։
Նա հավելել է, որ ամուսնու անհետացման լուրն ստանալուց հետո որդուն՝ Տիգրանին, զորացրել են՝ որպես միակ ժառանգ: "Շատերը կարծում են, որ նա զոհվել է։ Բայց ես այդպես չեմ կարծում։ Ես սպասում եմ, երեխաներս սպասում են: Իմ դուստրերը, թոռները, բոլորս սպասում ենք: Իշխանությունները մեզ առ այսօր ոչինչ չեն ասում։ Ոչ մի պատասխան չկա, կա միայն հարուցված քրեական գործ և նրա մահը հաստատող ԴՆԹ անալիզների բացակայություն: Մենք ԴՆԹ էինք հանձնում , այն ժամանակ նրա մայրն ու հայրը դեռ ողջ էին.նրանք չդիմացան անհայտության ցավին և կորստի մտքին: Մհերի հայրը մահացել է որդու անհետ կորելու լուրից ամիսներ անց, իսկ մայրը՝ սպասելով որդու մասին լուրի: Բայց մենք սպասում ենք և հավատում, որ նա կվերադառնա", - հավելել է Անուշը: