


Արմինֆո.ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ:
Հայաստանի ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, կողմերը գոհունակությամբ նշել են ԱԽ գրասենյակների միջև ձևավորված ինստիտուցիոնալ կապերը և վստահություն հայտնել դրանց շարունակական ամրապնդման ու զարգացման հարցում:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի համատեքստում Ա.Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը և նշել, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու բացառապես երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:
Ա.Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգին՝ ընդգծելով տնտեսական փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
Ինչպես հաղորդում է Mehr-ը, հանդիպմանը ներկա է եղել նաև Ալի Բաղերի Քանին, ով վերջերս նշանակվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունում արտաքին գործերի գծով տեղակալ: Բաղերի Քանին եղել է Իրանի արտաքին գործերի նախարարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար և քաղաքական հարցերով տեղակալ՝ երկրի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի օրոք:



