
Արմինֆո. Արտատարածքային ռեժիմը Ռուսաստանի կողմից չէր կարող դիտարկվել, նույնիսկ, զուտ տեսականորեն։ Այդ մասին օգոստոսի 29-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն առաջարկել է Հայաստանի Սյունիքի մարզով արտատարածքային միջանցք՝ Ադրբեջանի համար։
"Չէ որ մենք տեսնում ենք, թե որքան անարժանահավատ տեղեկատվություն է նետվում Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձեւաչափը վարկաբեկելու նպատակով։ Բայց դա ընդհանուր ոչինչ չունի իրականության հետ", - նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ, այսպես կոչված, Թրամփի ճանապարհի վերաբերյալ մանրամասների իրենք չեն տիրապետում: Ընդ որում, նա նշել է, որ կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն մանրամասները, որոնք վերաբերում են բեռների եւ ուղեւորների տարանցման ռեժիմներին, երթեւեկության անվտանգությանը: Իսկ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, հաջողվել է հասնել որոշակի պայմանավորվածությունների Հայաստանի Սյունիքի մարզով երկաթուղային տարանցման շուրջ, այդ թվում՝ մաքսային հսկողության էլեկտրոնային համակարգերի, մասնավորապես, նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ: "Դրանց կիրառումն այժմ ակտիվորեն փորձարկվում է երկկողմ առևտրում ՝ բեռների անցումն արագացնելու համար։ Ուստի, հաշվի առնելով Հայաստանի եւ մեր ընդհանուր ԵԱՏՄ-ի տարածքը, արտատարածքային ռեժիմը չէր կարող դիտարկվել, նույնիսկ, զուտ տեսականորեն", - ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է Վաշինգտոնի հանդիպմանը, Զախարովան նշել է, որ ԱՄՆ մայրաքաղաքում կայացած հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով ռուսական կողմին տեղեկացրել է ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: "Ռոսստիի համար կարևոր է, որ խաղաղ գործընթացները կրեն կայուն և երկարաժամկետ բնույթ, հաշվի առնեն Հարավային Կովկասի բոլոր երկրների, հարևանների շահերը։ Արտատարածաշրջանային խաղացողների ներգրավումը չպետք է թեժացնի տարածաշրջանի կոնֆլիկտային ներուժը, դրանում նոր բաժանարար գծեր ստեղծի ։ Նման մոտեցումը լիովին վերաբերում է նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ։ Լոգիստիկ ուղիների անխափան և համալիր գործունեությունը պահանջում է բոլոր ներգրավված կողմերի շահերի ներդաշնակեցում", - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վաշինգտոնյան համաձայնագրերում հաստատված սկզբունքները, որոնց հիման վրա նախատեսվում է կառուցել հաղորդակցություններ երկու հանրապետությունների միջև, հենց այն հիմնարար դրույթներն են, որոնք համաձայնեցվել են տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ վաշինգտոնյան պայմանավորվածություններից դեռ երկու տարի առաջ: