
Արմինֆո. Այսօր Երեւանում ներկայացված "Մեր ձեւով" շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին:
"Շատերը հետաքրքրվում են, թե ինչու մենք դեռ չենք արտահայտել մեր դիրքորոշումը նախաստորագրված խաղաղության պայմանագրի վերաբերյալ", - ասել է նա:
"Կցանկանայի նշել, որ կա որոշակի մտահոգություն, որը պահանջում է մասնագետների ուսումնասիրություն։ Ամենամեծ մտահոգությունը կապված է այն բանի հետ, որ երեք ստորագրողներից միայն մեկը՝ ԱՄՆ նախագահը, չի խաբել հայ ժողովրդին", - շարունակել է նա։
Այդ կապակցությամբ, նշել է նա, անհրաժեշտ կլինի ուսումնասիրել փաստաթղթերը եւ հասկանալ։ "Եթե լինի իրական խաղաղություն, ապա արտաքին քաղաքականության մոդելը կլինի մեկը, եթե՝ ոչ, և այդ ամենն, ընդամենը, խոստում է, ապա արտաքին քաղաքականությունն էլ կլինի այլ", - նշել է Նարեկ Կարապետյանը:
Նշենք, որ այսօր Երեւանում տեղի է ունեցել "Մեր ձեւով" շարժման շնորհանդեսը, որը հիմնադրել է կալանավորված գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը: Շարժումը կոչված է համախմբելու այն մարդկանց, ովքեր պատրաստ են ծառայել երկրին և հասարակությանը: Մինչև տարեվերջ շարժման հիման վրա կստեղծվի քաղաքական կուսակցություն, որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը կդառնա նրա գաղափարական առաջնորդը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:
Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած է 17 հոդվածից: Փաստաթղթի նախաբանում ասվում է, որ
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը,
ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով (1970թ.), Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկյան կոնֆերանսի եզրափակիչ ակտով (1975թ.) և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով և նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները նշված փաստաթղթերում ամրագրված նորմերի և սկզբունքների հիման վրա,
արտահայտելով իրենց միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխադարձ կամքը,
համաձայնել են խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատել միմյանց միջև: