
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիպարիտ Դրմեյանին ազատել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, այդ մասին որոշումը Փաշինյանն ստորագրել է օգոստոսի 29-ին:
Երեկ՝ օգոստոսի 28-ին, ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե, նույնիսկ, կառավարությունն է ճանաչում Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման պարտադիր կատարումը, հայտարարել էր. «Ո՞վ է ասել, որ կառավարությունը ճանաչում է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի վճռի պարտադիր կատարումը։ Ով նման դիրքորոշում է հայտնել ՝ թող հենց հիմա դիմում գրի ու հեռանա։ Նման դիրքորոշումը բացարձակապես անընդունելի է»:
Լրագրողի դիտարկմանը, թե՝ նման դիրքորոշում արտահայտել է հենց կառավարությունը, Փաշինյանը պատասխանել էր. «Կառավարությունում չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Կառավարությունը ես եմ: Եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան: Եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ»:
Անդրադառնալով որոշումը չկատարելու դեպքում պետության համար հնարավոր հետևանքների մասին հարցին՝ Փաշինյանը պատասխանել էր, որ արբիտրաժում կառավարությունը հաղթանակ է տարել և պաշտպանելու է իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ ի պատասխան վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղղված ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի օգոստոսի 6-ի նամակի՝ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը նշել էր, որ այն, որպես կանոն, կողմերի համար ենթակա է պարտադիր և անհապաղ կատարման՝ հրատապ որոշման կայացման պահից:
Նշենք, որ օգոստոսի 21-ին կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլն դոլար ՝ Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC արբիտրաժային ինստիտուտ) կողմից վարվող Liormand Holdings Limited և այլոք ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործում Հայաստանի Հանրապետության ներկայացվածությունն ու շահերի պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար: Ընդհանուր առմամբ, իրավաբանական և փաստաբանական խորհրդատվություն տրամադրող ընկերությունը նշված գործում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու համար պահանջել է 3,250,000 ԱՄՆ դոլար, որը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը, փորձագետների հոնորարները, արբիտրաժային վարույթի ծախսերը, թարգմանության և տպագրության ծախսերը, ինչպես նաև այլ ծախսեր (տրանսպորտային և կեցության ծախսերը) և այլն: