


Արմինֆո. ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական: Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է օգոստոսի 29-ին:
Նշենք, որ Մակունցի պաշտոնավարման ժամկետն ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում ավարտվել է: Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հրաժեշտի ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի լիազորությունների ավարտի կապակցությամբ: Մինչ դեսպան նշանակվելը նա ղեկավարում էր "Իմ քայլը" դաշինքի խորհրդարանական խմբակցությունը, նախկինում զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը։
Օգոստոսի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատված Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Ոչ Մկրտչյանը, ոչ Մակունցը կադրային դիվանագետ չեն։ Կրթությամբ նա պատմաբան է։ Մինչ հեղափոխությունը եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, 2018-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր, իսկ 2021թ. օգոստոսին ստացել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:



