
Արմինֆո. «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով:
Զուրաբյանը Facebook-ի իր էջում հիշեցրել է օգոստոսի 28-ին կայացած ճեպազրույցում Փաշինյանի արած հայտարարության մասին. «Կառավարությունում չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Կառավարությունը ես եմ: Եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան: Եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ»։ Մինչդեռ, ինչպես գրում է Զուրաբյանը, ՀՀ սահմանադրության հոդված 42-ը ենթադրում է կարծիքի արտահայտման ազատություն: «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը», - ասվում է ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածում:
Ավելին, ինչպես նշում է ՀԱԿ փոխնախագահը, Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին ՀՀ օրենքի (ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին) 11-րդ հոդվածի համաձայն, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ որոշումները և ՀՀ կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են կառավարության անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Կառավարության այլ որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Նիստին մասնակցող կառավարության անդամները պարտավոր են մասնակցել քվեարկությանը: Կառավարության անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը որոշիչ է:»
Ըստ այդմ, Զուրաբյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարությունն իր մեջ պարունակում է Քրեական օրենսգրքի 441 հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ:
«Առերևույթ հանցագործության կատարման փաստով պահանջում եմ ՀՀ Գլխավոր դատախազից` ընդունել սույն գրառումը որպես հաղորդում ենթադրյալ հանցագործության կատարման մասին և նախաձեռնել փաստի վերաբերյալ քրեական վարույթ:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ. «Հոդված 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը
1. Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով...», - գրել է ՀԱԿ փոխնախագահը: