


2015 թ․ նոյեմբերի 18-ին՝ ժամը 13.30-ին, ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։ Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Աղբյուրի համաձայն, վերջինս սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն էր անցել։ Ղարաբաղյան կողմին Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ։



