
Արմինֆո. Հարցվածների 73%-ը չի հավատում բանակցային գործընթացի միջոցով Ադրբեջանի հետ երկարատև խաղաղության հասնելուն: Այդ մասին են վկայում ԱՐԱՐ հետազոտական հիմնադրամի կողմից անցկացված "Քաղաքական խնդիրներ. ներկա իրավիճակը և հեռանկարները" հարցման արդյունքները։
Այդ ցուցանիշը, ինչպես նշել են հիմնադրամում, տարբեր ժամանակահատվածներում տատանվում է միջինը 66-67 տոկոսի սահմաններում, իսկ ընթացիկ տարվա հուլիսին հասել է 73 տոկոսի, մինչդեռ, երկարաժամկետ խաղաղությանը հավատում է հարցվածների ընդամենը 26 տոկոսը: Սակայն չի բացառվում, որ այդ ցուցանիշը փոխվի վաշինգտոնյան համաձայնությունների պատճառով, քանի որ հարցումն անցկացվել է մինչ այդ իրադարձությունը։
"Համաձա՞յն եք, որ Սյունիքի ճանապարհը վերահսկվի միջազգային խաղաղապահների կողմից՝ խաղաղության դիմաց" հարցին դրական պատասխան է տվել հարցվածների 34% - ը, մինչդեռ ճնշող մեծամասնությունը (65%) կտրականապես համաձայն չէ դրան:
Ընդ որում, հարցվածների ընդամենը 25 տոկոսն է հավատում իրական խաղաղությանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, 74 տոկոսը հակառակ կարծիքին է: Հատկանշական է, որ պայմանագրի ստորագրումից հետո խաղաղությանը չհավատացողների շրջանում առյուծի բաժինը (80%) կազմում են 18-34 տարեկան քաղաքացիները:
Հարցաշարը ներառում էր նաև Արցախին վերաբերող հարց. «արդյո՞ք ժամանակավոր է նրա կորուստը»: Ինչպես նշել է հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, եթե 2023 թվականի աշնանը՝ Արցախում էթնիկ զտումից հետո, հարցվածների 70% - ը նշել է, որ Արցախի կորուստը համարում է ժամանակավոր, սակայն արդեն այս տարվա ամռանը նման կարծիք ունի հարցվածների 91% - ը։ Արցախի կորուստն անդառնալի է համարում հարցվածների ընդամենը 7,3 տոկոսը։
Նշենք, որ հարցումն անցկացվել է հուլիսի 17-ից մինչեւ օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի քաղաքային և գյուղական բնակավայրերում բնակվող 1015 քաղաքացիների շրջանում: Հարցումն իրականացվել է հեռախոսազանգերի միջոցով, ընտրանքի սխալ ՝ + / - 3%:
ԱՐԱՐ-ը քաղաքացիական հետազոտական հիմնադրամ է, որը հիմնադրվել է 2014 թվականին: Նրա առաքելությունն է մշակել և ներդնել հիմնարար լուծումներ Հայաստանի առջև ծառացած առանցքային մարտահրավերների համար:
Հիմնադրամը պարբերաբար անցկացնում է սոցիոլոգիական հարցումներ, որոնց արդյունքները նպաստում են հասարակական կարծիքի ընկալմանը և հիմք են ծառայում առաջարկությունների և բարեփոխումների համար: -