


Արմինֆո. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դիլիջանում աշխատանքային նախաճաշ է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների պետնախարար Սթիվեն Դաութիի հետ:
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, Ա.Գրիգորյանը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմամբ ընձեռվող տնտեսական հնարավորությունները:
Ս.Դաութին, իր հերթին, աջակցություն է հայտնել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել Հարավային Կովկասում հաստատուն խաղաղություն ունենալու կարևորությունը:
Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ մատնանշելով հետագա համագործակցության ուղիները: Զրուցակիցները գոհունակությամբ նաև ընդգծել են հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ միտված ռազմավարական գործընկերությանը:



