


Արմինֆո. Ալիևի համար շատ կարևոր է Փաշինյանին իշխանության պահելը, որովհետև ավելի մեծ նվեր Ադրբեջանի ժողովրդին, քան Փաշինյանն է, դժվար է պատկերացնել։ Այդ մասին գրել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ՀԱԿ Facebook-ի էջում:
«Ադրբեջանում էլ են հասկացել, որ Փաշինյանը ուղղակի հանճար է՝ ցանկացած զիջում սեփական ժողովրդին գեղեցիկ մատուցելու գործում։
Ալիևին պետք է, որ Փաշինյանը կրկին վերարտադրվի, որ շարունակի հերթական պահանջների ներկայացումը: Այդ պատճառով էլ նրան նվիրել է «խաղաղության» մասին մի թուղթ, որը Փաշինյանին պետք է ընտրվելու համար։
Փաշինյան-Ալիև մեղրամիսը երկու ղեկավարների համար էլ շահավետ է: Ալիևի շահը այն է, որ պահպանի Ադրբեջանի համար «նվեր» ղեկավարին, Փաշինյանին էլ պետք է՝ ընտրվելու համար։ Լիակատար շահերի զուգակցում։
Բայց միևնույն ժամանակ, Ալիևը խաղաղության պայմանագիրը չի ստորագրում՝ բաց պահելու համար պատերազմի պատուհանը», - ընդգծել է Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր ՝ ուղղված Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորմանը:



