
Արմինֆո. Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի, այսպես կոչված, վերակառուցումը, որը «պատահաբար» զուգադիպեց խաղաղության մասին վաշինգտոնյան հռչակագրի ստորագրմանը, ուղերձ է այն մասին, որ Երևանը պատրաստ է գնալ զիջումների, այդ թվում ՝ ազգային հիշողության և ինքնության հիմքերը կասկածի տակ դնող։ Նման գնահատական է տվել ՊԵԿ նախկին նախագահ, քաղաքական և հասարակական գործիչ Դավիթ Անանյանը։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որոնցում երևում է, որ համալիրի պատերին երեսպատման սալիկներ չկան: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը լրատվամիջոցներին հաղորդել է, որ հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի տարածքում վերանորոգումներն ընթանում են արդեն մոտ երկու ամիս: Նրա խոսքով ՝ ջրահեռացման համակարգի բացակայության պատճառով տեղի է ունեցել երեսպատման քարերի տեղաշարժ, առաջացել են հուշարձանի անվտանգության հետ կապված ռիսկեր, իսկ վերակառուցման նախագիծը ՀՀ կառավարության հավանությանն էր արժանացել դեռևս 2021 թվականին: Աշխատանքներն այնքան էլ շուտ չեն ավարտվի, քանի որ իրականացվում են փուլերով, նշել է նա։
«Մամուլում և սոցիալական ցանցերում երեկվա հրապարակումներն ու ահազանգերը գույժի նման սթափեցնող են: «Վերանորոգման» անվան տակ սկսվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի քանդումը։
Պաշտոնական ձևակերպումն է՝ «մեկ տարվա շինարարություն», սակայն քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե այս իշխանությունը վերարտադրվի, այդ շինարարությունը երբեք էլ չի ավարտվի։
Ակնհայտ է զուգադիպության ոչ պատահականությունը։ Մի կողմից՝ Ալիևի հետ ԱՄՆ-ում ստորագրված կեղծ խաղաղության պայմանագիրը, մյուս կողմից՝ սրա ստորագրման անմիջապես հաջորդ օրը սկսված «վերանորոգումը»։ Միջազգային քաղաքականության լեզվով սա ուղերձ է՝ Հայաստանը պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք կասկածի տակ են դնում մեր ազգային հիշողության և ինքնության հիմնասյուները։
Թուրքիայի երկարամյա պահանջներից մեկը եղել է Ցեղասպանության ուրացումը։ Եվ այսօր դրա գործնական արտահայտությունն առաջին քայլով կարող է լինել մեր ազգային հիշողության ամենակարևոր խորհրդանիշի՝ Ծիծեռնակաբերդի ապամոնտաժումը։ Շինարարության եռուզեռի նկարներն ու պատկերները կարող են ներկայացվել Էրդողանին որպես քաղաքական հաշվետվություն, իսկ ներսում հանրությանը մատուցվել որպես «վերանորոգման աշխատանքներ»։
Սա արդեն միայն մշակութային ժառանգության հարց չէ։ Սա պետականության և ինքնիշխանության հարց է։ Քանդելով հիշողության խորհրդանիշը՝ մեզ պարտադրում են հրաժարվել մեր պատմական շարունակականությունից և ընդունել պարտադրված «խաղաղության» օրակարգը։
Ու՞ր եք քաղաքացիական հասարակություն, քաղաքական ուժեր և մտավորականություն: Այս պահին է՞լ համախմբում չի լինի հասարակական լայն դիմադրության ցուցադրմամբ։ Ծիծեռնակաբերդի յուրաքանչյուր քարը պատկանում է ոչ թե իշխանություններին, այլ հայ ժողովրդին», - գրել է Դաավիթ Անանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդել էր, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 8-ից սկսվում է հիմնանորոգում։ Նշվել էր, որ աշխատանքներն իրականացվելու են 743 մլն դրամի (մոտ 2 մլն դոլար) պետական ֆինանսավորման հաշվին ։ Վերանորոգումն իրականացնելու է բաց մրցույթում հաղթող ճանաչված "Բիդեք" ՍՊԸ շինարարական ընկերությունը: Ճարտարապետական խմբի ղեկավարն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և համանուն թանգարան-ինստիտուտի (կառուցված գրեթե 60 տարի առաջ) նախագծի համահեղինակն է: