


Արմինֆո. Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությամբ: ԱԺ հաղորդագրության համաձայն, խորհրդարանի նախագահի հայտարարությունում ասվում է.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը 2025 թվականի օգոստոսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Արեն Մկրտչյանին Լոռու մարզպետ նշանակելու մտադրության մասին:



