
Իրան-Հայաստան երկաթուղային նախագծի իրականացման ժամկետների և իրական ներդրումների մասին հնարավոր կլինի խոսել այն բանից հետո, երբ ավարտվեն ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման շուրջ ուսումնասիրությունները: Այդ մասին հայ-չինական համագործակցության շուրջ սեմինարի շրջանակներում նոյեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը: Նա ընդգծել է, որ տվյալ պահին չինական երկու ընկերություն անհատույց ուսումնասիրում են ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը՝ Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի իրականացման նպատակահարմարությունը պարզելու նպատակով:
Թիան Էրլունի խոսքով, տնտեսական համագործակցության և համատեղ ՙՄետաքսի ճանապարհի՚ տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունն առաջ է քաշվել՝ Եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործընթացների արագացման նպատակով: ՙՀայաստանն այն երկրներից մեկն է, որի տարածքով ժամանակին անցել է ՙՄետաքսի ճանապարհը՚: Արդի պայմաններում, կարծում ենք, առկա են Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության զարգացման որոշակի վեկտորներ՚,- նշել է դեսպանը: Նրա կարծիքով, նախաձեռնությունը ենթադրում է ոչ միայն տրանսպորտային համակարգի ստեղծման նպատակով երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական ջանքերի համախմբում, այլ նաև՝ հումանիտար կապերի առկայություն:
Ինչպես նշել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, ՉԺՀ-ն ֆինանսական վիթխարի հնարավորություններով երկիր է, և պետք չէ կասկածել նախագծի իրականացման հարցում: ՙՆախագծին Հայաստանի հնարավոր ներգրավվածության հարցում շատ բան կախված է հայկական կողմի ջանքերից: Եթե մենք ավելի ակտիվ գործենք, Հայաստանի տարածքով կանցկացվի ճանապարհի մի մասը: Նրա կարծիքով, չինական կողմը բազմիցս իր շահագրգռվածությունն է հայտնել նախագծի իրականացման նպատակով Հայաստանի հնարավորություններն օգտագործելու հարցում: Միաժամանակ, ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՙլինելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում գտնվող երկիր, որն առևտրի արտոնյալ ռեժիմներ ունի մի շարք պետությունների հետ՝ Հայաստանն առաջարկելու բան ունի չինացի ներդրողներին՚:
Հիշեցնենք, որ վերջին տարիների ընթացքում Չինաստանը շարունակում է մնալ երկրորդ առևտրային գործընկերը Հայաստանի համար: Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2015 թ. առաջին 3 եռամսյակում երկկողմ առևտրի ծավալը կազմել է $358 մլն, այդ թվում՝ Հայաստանից Չինաստան արտահանումն աճել է 12%-ով:
2012 թ. մայիսին հայկական և իրանական կողմը կոնցեսիոն համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` քննարկվել են տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու նախագծման, շինարարության և նախագծի ֆինանսավորման հիմնական խնդիրները։ Հայաստանի և ՙՌասիա ՖԶԷ՚ ներդրումային ընկերության միջև իրականացված համագործակցության շնորհիվ մշակվել է ՙՀարավային երկաթուղի՚ նախագծի իրականացման տեխնիկական հիմնավորումը։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ։ Այն կունենա 19.6 կմ ընդհանուր երկարության 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկարության 60 թունել։ Շինարարությունը, ծրագրի համաձայն, կավարտվի 2022 թվականին։
Նշենք, որ ԱրմԻնֆո-ի տնտեսական վերլուծաբանների կարծիքով, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման անարդյունավետությունը հիմնավորված է երեք հիմնական կարևորագույն գործոններով: Դա առաջին հերթին Հայաստանի երկաթուղու փակուղային վիճակում գտնվելն է և դեպի Ռուսաստան անմիջական ելքի անհնարինությունը, երկրորդ՝ նույնիսկ երկաթուղու աբխազական հատվածի հետագա հիպոթետիկ ապաշրջափակման դեպքում, այդ ժամանակ ներկայումս կառուցվող ավտոմայրուղու հայ-իրանական հատվածի առկայությունը միանգամայն անօգուտ կդարձնի Իրան-Հայաստան երկաթուղին՝ կապված վերջինիս ոչ մեծ երկարության հետ: Ի սկզբանե ցածր արդյունավետությանն ավելանում է նաև երրորդ, թերևս, կարևորագույն գործոնը՝ ՌԵՈւ կողմից իրականացվող Աստարա-Ռեշտ-Կազվին երկաթուղու նախագիծը: Դա տրանսպորտային նախագիծ է, որը միավորում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի գործող երկաթուղիները: Նախագիծն իրականացվում է ՙՀյուսիս-Հարավ՚ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, որի նպատակը Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հնդկաստանի և Օմանի տրանսպորտային-տեղեկատվական մայրուղիների ինտեգրումն է: Վերլուծաբանների կարծիքով, Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը բացառապես քաղաքան շարժառիթ ունի, այդ պատճառով վերջին 3 տարում այն չի հաջողվել մեռյալ կետից շարժել: Քննադատությանը չի դիմանում նաև Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման՝ ՉԺՀ $40 մլրդ արժողությամբ գերհավակնոտ ծրագրի շրջանակներում այդ նախագծին Չինաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ Հայաստանի պաշտոնատար անձանց հայտարարությունները: Նոր Մետաքսի ճանապարհի որևէ սցենարում Հայաստանն առկա չէ, փոխարենը քարտեզներում նշված են Իրան-Ադրբեջան և Թուրքիա-Վրաստան երկաթուղային հատվածները: