
Արմինֆո. Երևանում մեկնարկել են Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
"Նոր կենտրոնը կդառնա ժամանակակից մարզադպրոց՝ համապատասխան միջազգային չափանիշներին, որտեղ շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկներ հնարավորություն կունենան մարզվելլու եւ զարգանալու լավագույն պայմաններում ", - ընդգծել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Երևանի քաղաքապետարանը, դպրոցը տեղակայվելու է "Հրազդան" մարզադաշտի հարևանությամբ և զբաղեցնելու է 1,5 հա տարածք:
Մարզական կենտրոնը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան տարածքներ, նոր ենթակառուցվածքներ, բարձրորակ սարքավորումներ և կահույք, 532 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ: Նոր պայմանները հնարավորություն կտան Հայաստանում հյուրընկալել միջազգային մրցաշարեր։
Դեռևս 2024 թվականի սկզբին Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հաղորդել էր, որ շինարարությունը նախատեսվում է սկսել 2024 թվականի երկրորդ եռամսյակում ։ Հիշեցնենք, որ Ա. Ազարյանի անվան դպրոցի համար նոր շենք կառուցելու որոշումը ընդունել էին դեռ 2020 թվականի աշնանը ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այդ դպրոց կատարած այցից հետո:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, դպրոցը կառուցման պահից (1969թ.) ի վեր ոչ մի անգամ չի վերանորոգվել: Վերջին կոսմետիկ վերանորոգումը կատարվել է մոտ 20 տարի առաջ, մինչդեռ, այսօր մարզադպրոցում մոտ 200 սան կա: Բացի այդ, այստեղ մարզվում են նաև սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոններն ու մեդալակիրները: Միաժամանակ, այցի ընթացքում քաղաքապետին տեղեկացրել են, որ շենքային և կահավորման պայմանները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, այլև մարզիկներին լիարժեք մարզվելու հնարավորություն չեն տալիս:
Այն ժամանակ Հայկ Մարությանը նշել էր, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր վերանորոգել մարզադպրոցը, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ էր դարձել, որ վերանորոգումն անհնար է: Հետևաբար, խնդրի համալիր լուծումը նոր շենքի կառուցումն է։