
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր «Հայաստանի ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների պլանի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի առաջին հանրային քննարկումը, որին մասնակցել են շուրջ չորս տասնյակ բնապահպանական կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ և անհատներ, ովքեր իրենց փորձով ու գաղափարներով մեծապես նպաստում են երկրի բնապահպանական քաղաքականության զարգացմանը։
Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նախարար Համբարձում Մաթեւոսյանը:
«Մենք մեծապես գնահատում և կարևորում ենք քաղաքացիական հասարակության ու մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործընթացում։ Միայն համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է ունենալ ամբողջական և ներառական փաստաթղթեր, որոնք կծառայեն Հայաստանի շահերին»,- նշել է նախարարը։
Հայաստանը, լինելով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմ, պարտավոր է պարբերաբար վերանայել և արդիականացնել իր ազգային ռազմավարությունը՝ համադրելով այն միջազգային պարտավորությունների ու գլոբալ նպատակների հետ։ Նոր ռազմավարությունը ոչ միայն կապահովի միջազգային հանձնառությունների լիարժեք կատարումը, այլև կուժեղացնի Հայաստանի համակարգված ու հաշվետու մասնակցությունը բնապահպանական համաշխարհային գործընթացներին։
Նախագծվող փաստաթուղթը կոչված է դառնալու ազգային քաղաքականության հենասյուն՝ համադրվելով ինչպես Կոնվենցիայի, այնպես էլ Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի նպատակների հետ։ Սա թույլ կտա Հայաստանին միջազգային հարթակներում հանդես գալ ավելի վստահ և հաշվետու՝ ի ցույց դնելով իր հանձնառությունը կենսաբազմազանության համընդհանուր պահպանությանը։
Ռազմավարության հիմքում դրվելու է նաև գործողությունների մանրամասն ծրագիր, որն ապահովելու է ծրագրային և համակարգված մոտեցում։ Այդ ձևաչափը հնարավորություն կտա կենտրոնացնել ջանքերը ճիշտ ուղղություններով և խուսափել ռեսուրսների ցրված օգտագործումից։
Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև կառավարության կողմից նույն օրը հավանության արժանացած «Կլիմայի մասին» օրենքի նախագծին։ Նա ընդգծել է, որ կենսաբազմազանությունը զգալիորեն տուժում է կլիմայական փոփոխություններից, և այդ օրենքի ընդունումը կարևոր քայլ է այս մարտահրավերներին համապարփակ ու համակարգված արձագանքելու ճանապարհին։