


Արմինֆո.Ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է Թրամփի խաղաղության և բարգավաճման միջազգային երթուղին (TRIPP), այլ կառավարելու է այն, այսինքն, խոսքը բիզնես-կառավարման մասին է։ Այդ մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Որպես օրինակ՝ նա վկայակոչել է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի տարածքով երկաթուղու կառավարումը։ Նշելով, որ ՌԴ-ն կոնցեսիոն պայմանագրի շրջանակում կառավարում է երկաթուղին, Փաշինյանը ընդգծել է, որ դա որևէ կերպ չի խոչընդոտում ոչ իրանական, ոչ վրացական, ոչ հայկական, ոչ եվրոպական բեռներին: "Քանի որ դա Հայաստանի Հանրապետության իրավազորության տակ գտնվող տարածք է։ Այսինքն, սրանք այն 5 սկզբունքներն են, որոնց մասին մենք անընդհատ խոսում ենք ՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձության սկզբունքները", - նշել է նա։
Վարչապետը պարզաբանել է, որ մեր պետության ոչ մի քառակուսի միլիմետր չի կարող լինել Հայաստանի Հանրապետության իրավասությունից և վերահսկողությունից դուրս: Նա նաև նշել է, որ կան օկուպացված տարածքներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, բայց այդ բոլոր հարցերը կլուծվեն խաղաղ գործընթացի, սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների և Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում ։


