
Ազգային ժողովի նիստն սկսվել է մեկ րոպե լռությամբ` ի նշան համերաշխության Ֆրանսիայի և Լիբանանի հետ, որոնք ահաբեկչական գրոհների են ենթարկվել:
ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանը դատապարտում է ահաբեկչության ամեն մի դրսևորում: Նա խորհրդարանականների անունից ցավակցություն և աջակցություն է հայտնել Ֆրանսիայի և Լիբանանի գործընկերներին, երկու բարեկամ ժողովուրդներին: ԱԺ խոսնակն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել ահաբեկչական գրոհների անմեղ զոհերի հիշատակը:
Ինչպես արդեն հաղորդվել է, նոյեմբերի 13-ին Փարիզի մի քանի շրջաններում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ: Երեք պայթյուն է որոտացել Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղին ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում անմիջապես տարհանել են անվտանգության ծառայության աշխատակիցները: Միաժամանակ ահաբեկիչների խումբը պատանդներ է վերցրել Փարիզի Bataclan համերգասրահում, որտեղ այդ պահին ընթանում էր ամերիկյան Eagles of Death Metal ռոք-խմբի համերգը: Երկրի իշխանությունները որոշել են գրոհ իրականացնել հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով: Վերջին տվյալների համաձայն, Փարիզում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 129 մարդ: Ֆրանսիայի իշխանությունների հաղորդմամբ, 112 մարդ զոհվել է Bataclan համերգասրահում: Տուժել է ավելի քան 350 մարդ, որոնցից 100-ը ծանր վիճակում է: Հայտնի է 7 ահաբեկիչների մահվան մասին: Ինչպես հաղորդել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը, ահաբեկչական գործողություններն իրականացվել են գրեթե միաժամանակ` վեց տարբեր կետերում: Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել, երկրի պետական սահմանները փակվել են: Հայաստանի նախագահը, արտգործնախարարը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են եկել հայտարարություններով, որոնցում խստորեն դատապարտել են մարդատյաց ահաբեկչական գործողությունները և համերաշխություն հայտնել Ֆրանսիային ու նրա ժողովրդին: Նոյեմբերի 16-ին, ժամը 14:00-ից Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կբացվի սգո մատյան, որում ցանկացողներըհ կարող են գրառում կատարել:
Նոյեմբերի 12-ին երեկոյան երկու ահաբեկիչ-մահապարտներ մոտոցիկլներով գրոհել էին Բեյրութի արվարձանը` իրականացնելով երկու հզոր պայթյուն: Մահապարտներից մեկը պայթել էր շիաների մզկիթի մոտ, մյուսը` առևտրի կենտրոնի մերձակայքում: Պայթյունների հատևանքով զոհվել է 41 մարդ, ավելի քան 200-ը վիրավորում են ստացել:
Թե Փարիզի, թե Բեյրութի ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» կազմակերպությունը: