
Երևանի Ֆրանսիայի հրապարակում նոյեմբերի 14-ին մոմավառություն է անցկացվել Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին:
Արարողությունը բացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին: Մոմավառության արարողությանը ներկա են եղել նաև արտգործնախարար Էդվադր Նալբանդյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Երևանի հազարավոր քաղաքացիներ են մասնակցել արարողությանը` իրենց հետ բերելով ծաղիկներ, մոմեր, ինչպես նաև պաստառներ, որոնց վրա գրված էր. «Մենք համերշխ ենք Ֆրանսիայի ժողովրդի հետ», «Vive la France », «Ֆրանսիա, մենք քեզ հետ ենք», «Դադարեցրեք ահաբեկչությունը»:
Նոյեմբերի 14-ի վաղ առավոտից մայրաքաղաքի բնակիչները ծաղիկներ էին դնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ` ցավակցություն հայտնելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ: Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցները հաղորդել են, որ ցանկացողները կարող են գրառում թողնել դեսպանատան Սգո մատյանում` նոյեբերի 16-ին, ժամը 14:00-ից:
Ավելի վաղ Հայաստանի նախագահը, արտգործնախարարը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են եկել հայտարարություններով, որոնցում խստորեն դատապարտել են մարդատյաց ահաբեկչական գործողությունները և համերաշխություն հայտնել Ֆրանսիային ու նրա ժողովրդին:
Ինչպես արդեն հաղորդվել է, նոյեմբերի 13-ին Փարիզի մի քանի շրջաններում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ: Երեք պայթյուն է որոտացել Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղին ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում անմիջապես տարհանել են անվտանգության ծառայության աշխատակիցները: Միաժամանակ ահաբեկիչների խումբը պատանդներ է վերցրել Փարիզի Bataclan համերգասրահում, որտեղ այդ պահին ընթանում էր ամերիկյան Eagles of Death Metal ռոք-խմբի համերգը: Երկրի իշխանությունները որոշել են գրոհ իրականացնել հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով: Վերջին տվյալների համաձայն, Փարիզում ահաբեկչական գործողությունների հետևանքով աոհվ ել է 153 մարդ: Ֆրանսիայի իշխանությունների հաղորդմամբ, 112 մարդ զոհվել է Bataclan համերգասրահում: Գրոհի ընթացքում ոչնչացվել է 4 ահաբեկիչ: Ականատեսները պատմել են, որ հարձակվողները հրաձգության ժամանակ գովաբանել են Ալլահին և բղավել. «Սա` Սիրիայի համար»: Ինչպես հաղորդել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը, ահաբեկչական գործողություններն իրականացվել են գրեթե միաժամանակ` վեց տարբեր կետերում: Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել, երկրի պետական սահմանները փակվել են: