Տավուշի անտառներում կորած Կոթի գյուղ մեզ նորից բերեց Ադրբեջանի հետ սահմանին հերթական լարվածությունը: Հակառակորդի կողմից ականանետերի կիրառումից ուժեղ վնասվել են մի քանի տնտեսություն, երկու գյուղացի վիրավորվել են:
Ինչպես և նախորդ անգամ, Կոթին, չնայած որ ուշ աշուն էր, դիմավորեց մեզ արևային եղանակով, իսկ նրա բնակիչները՝ բարեհամբույր ժպիտներով: Հասնելով գյուղ՝ մենք նախ և առաջ շարժվեցինք դեպի Թումանյանների տուն: Ադրբեջանական դիրքերի կողմից արձակած արկի պայթյունից լուրջ վիրավորվել են մայր և որդի:
Մտնելով բակ, դռներըԿոթիում երբեք չեն կողպվում, մենք տեսանք կոտրած փայտի մի կույտ: Հարևանները հայտնեցին, որ ընտանիքի գլուխ Հայկ Թումանյանը մեկնել է անտառ փայտ բերելու, իսկ նրա որդին և կինը դեռևս բուժվում են երևանյան հիվանդանոցում:
Թումանյանների հարևանների հետ շփվելուց հետո այդ նույն «անտեր» բակում մեզ պարզ դարձավ, որ կրակոցները նրանց համար արդեն սովորական երևույթ են դարձել, չնայած դրանք ծանր սոցիալական պայմանների հետ մեկտեղ գյուղացիների կյանքը անտանելի են դարձրել:
Սակայն կոթեցիները խուճապի չեն մատնվում: Իրենց պաշտպանությունը վստահում են սահմանը պահող զինվորականներին և անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Այնուամենայնիվ, զրուցելով գյուղացիների հետ, մենք նկատեցինք,որ նրանցից շատերը ափսոսանքով են խոսում կյանքի համար չափազանց վտանգավոր դարձած Կոթին լքելու անհնարին լինելու մասին:
Շատերին այստեղ պահում են սահմանին ծառայող բարեկամ զինվորականները: Մյուսներին՝ երկար տարիներ ստեղծած ունեցվածքը չթողնելու ցանկությունը: Սակայն հիմնականում գյուղացիները չեն լքում Կոթին այն պառզ պատճառով, որ պարզապես տեղ չունեն գնալու, հատկապես Ռուսաստանում սոցիալական պայմանների բարդացումից հետո:
«Ովքեր կարող էին գնալ, արդեն գնացել են» , - կարճ բացատրում է իրավիճակը 50-ամյա Աղասի Բեջանյանը: Մնացողներն էլ ընտրություն չունեն, այդ պատճառով վերջին ամիսները նրանք ոչ թե ապրում են, այլ գոյատևում: Դեռևս 1992-ին արկի պայթյունից վիրավորված տղամարդը խոստովանում է , որ տանջվում է անքնությունից: Նրա տունը գտնվում է Կոթիի ավելի հաճախ գնդակոծվող հատվածում:
Թողնելով համագյուղացու բակում իրենց բավականին ազատ զգացող հարևաններին՝ մենք գնում ենք գյուղի կենտրոնական մաս: Ճանապարհին մտնում ենք բավականին խնամված եկեղեցի, որտեղ մոմեր էին վառվում, սակայն ոչ ոք չկար: Ամբողջ գյուղում դրված են աղբամաններ, որոնց վրա գրված է թուղթ, ապակի, պլաստիկ: Հայաստանի համար դա նորություն է, այն կիրառում չունի նույնիսկ Երևանում, շրջաններում էլ չասած:
Աչքի են ընկնում գյուղի ճանապարհներով շարժվող մեքենաները առանց պետհամարանիշների, տեխսպասարկման ու ապահովագրության կտրոնների: Գյուղի մեքենաների մեծ մասը Ճանապարհային Ոստիկանությունում գրանցված չեն, ինչը բավականին հեշտացնում է առանց այդ էլ դժվար կյանքով ապրող գյուղացիների բեռը: Այդ մեքենաներով լավագույն դեպքում կարելի է գնալ հարևան գյուղ և հարակից դաշտերը:
Գյուղամեջից ոչ հեռու մենք հանդիպեցինք զինվորական համազգեստով մի երիտասարդի: Զինված ուժերում ծառայող պայմանագրայինը, ում անունը չենք նշում նրա իսկ շահերից ելնելով, պատրաստակամ պատասխանում է սահմանում տիրող մարտական դիրքերի հետ կապված մեր հարցերին: «Ինչ պատմեմ: Հակառակորդը կրակում է, իսկ մենք՝ հաշվում: Կրակոցների թիվը անհրաժեշտ է Պաշտպանության նախարարության օպերատիվ ամփոփագրի համար», - ժպտում է երիտասարդը:
Չնայած, միայն հակառակորդի կրակոցները հաշվելով հայ դիրքապահները չեն բավարարվում: «Հաճախ մենք տալիս ենք այնպիսի պատասխան, որից հետո հակառակորդը մի քանի օր լռում է: Հետո ամեն ինչ նորից է սկսվում», - ասում է պայմանագրայինը: Պատասխանելով մեր հարցին, թե ով է հիմնականում առաջինը կրակում, վստահաբար ասում է՝ «Միշտ նրանք»:
Վերջերս գյուղը կորցրել է պայմանագրային զինծառայող, սակայն ոչ թե հերթական կրակոցների հետևանքով, այլ ավտովթարի պատճառով: 50-ամյա պայմանագրային զինծառայող Բաբկեն Սարուխանյանը, վերադառնալով զինվորական«ЗИЛ 131» ջրատար մեքենայով Կոթիի դիրքերից դեպի Կողբի զորամաս, կորցնելով մեքենայի կառավարումը, գլորվեց ձորը:
«Անտեր մնացած» բակի տեր Նազիկ Պետրոսյանի հետ մենք հանդիպեցինք Պաշտպանության նախարարության Կենտրոնական հոսպիտալում: Ընդհանուր առմամբ Նազիկը իրեն վատ չէր զգում, միայն թե ոտքի վերքը ոչ մի ձև չի լավանում ու անընդհատ բորբոքվում է, ինչի պատճառով նա ստիպված է անընդհատ գնալ վիրակապը փոխելու և այդ պատճառով ժամանակավոր ապրում է տեգոր տանը: Կինը վիրավորվել է իր իսկ բակում արկի պայթյունից: Ընդհանուր առմամբ, նրա մարմնից հանել են արկի 7 բեկոր, բայց ամենածանրը ոտքին դիպչած բեկորի հասցրած վերքն է:
«Ես և իմ որդի Ռազմիկը տանն էինք, երբ սկսեցին կրակել: Տղաս էլ է վիարվորվել բեկորներից: Զինվորականները մեզ տարան Նոյեմբերյանի հիվանդանոց, ինչից հետո տեղափոխեցին Երևան: Տղաս զինծառայող է, և ես որպես ընտանիքի անդամ նրա թղթերով եմ բուժումս անցնում: Ես և որդիս շատ շնորհակալ ենք զինվորական հոսպիտալի բժիշկներին հրաշալի վերաբերմունքի և բուժման համար: Մենք չէինք էլ պատկերացնում, որ մեզ այդքան լավ կվերաբերվեն», պատմում է կինը:
Նազիկի ամուսին Հայկ Թումանյանը կրակոցների օրը նույնպես անտառում ձմռանն էր նախապատրաստվում: Չնայած գազի առկայությանը և հատուկ զեղչերին, սահմանամերձ գյուղերի բնակիչների համար այն միևնույն է թանկ է, նրանք գերադասում են տները տաքացնել փայտով: Վերադառնալով տուն, Հայկը գտավ միայն պայթյունի տեղը...
«Նախկինում ես չէի էլ պատկերացնի, որ կարող եմ արկերի զոհ դառնալ իմ իսկ բակում: Չէ որ մեր տունը բավականին հեռու է գտնվում ադրբեջանական սահմանից և նրանց փամփուշտները երբեք մինչև մեզ չէին հասել: Իսկ հիմա մեզ էլ հասան, սկսեցին գնդակոծել գյուղը արկերով: Նույնիսկ չեմ պատկերացնում, ինչպես ենք հիմա ապրելու: Ինչ անենք, նստենք սպասենք հաջորդ կրակոցներին: Չնայած, միևնույն է ուրիշ ճար չունենք», - ասում է մեզ հաջողություն մաղթելով Նազիկ Պետրոսյանը: