
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կինն ու փաստաբանական խումբը դիմել են միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչություններին և դեսպանատներին: Այս մասին ասվում է փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ հասցեատերերին ներկայացվել են Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ «քաղաքական շարժառիթներով հետապնդման» հանգամանքները, ուշադրություն է հրավիրվել խախտված իրավունքների բնույթին և մասշտաբներին, բացահայտվել են հետապնդումների շարժառիթները։
Հարությունյանի պաշտպանները պատրաստ են ընդունելությունների ձևաչափով ան0ցկացնել առանձին հանդիպումներ՝ գործի վերաբերյալ փաստաթղթային ապացույցները, փաստական և իրավական նյութերն առավել մանրամասն ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ Հարությունյանը կալանավորվել էր օգոստոսի 8-ին ՝ 2 ամսով։ Հակակոռուպցիոն կոմիտեում հայտարարել են, որ նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրական, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման համար: Փաստաբանները հիշեցրել են, որ դեռեւս 2018 թվականին "Նորֆոլկ Քոնսալթինգ" ՍՊԸ-ի դեմ գործը կարճվել է եւ օրինական ուժի մեջ է մտել քննիչի որոշմամբ, ինչի կապակցությամբ անթույլատրելի է նոր քրեական գործ հարուցելու, Վարդան Հարությունյանին մեղադրանք առաջադրելու եւ նրան կալանավորելու համար արդեն իսկ գնահատված ապացույցների «վերակենդանացումը»:
2018 թվականի մայիսի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա: Ըստ ԱԱԾ-ի՝ Հայաստանում գործող խոշոր՝ մաքսային ծառայություններ իրականացնող հայտարարատու "Նորֆոլկ Քոնսալթինգ" ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ վճարելուց: Ընկերությունը պետական բյուջե չի վճարել շուրջ 7 մլն դոլար։ Տվյալ փաստի առթիվ ԱԱԾ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով ("հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարները վճարելուց խուսափելը") և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ("պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ"): "Նորֆոլկ Քոնսալթինգ" ընկերությունն այն ժամանակ կապվում էր Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Նույն թվականի հուլիսին հաղորդվել էր, որ "Նորֆոլկ Քոնսալթինգ" ՍՊԸ-ն հուլիսի 17-ի դրությամբ պետական բյուջե է վճարել 721.4 մլն դրամ՝ ընդհանուր 7 մլն ԱՄՆ դոլար գումարից: