


Արմինֆո.«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Ա . Հակոբյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում նշվել է, որ գազաբաշխման համակարգի օբյեկտների նախապատրաստումը առաջիկա աշուն-ձմեռ ժամանակաշրջանին առաջնահերթ խնդիր է գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) համար։
Ինչպես հաղորդում է ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը, Ա.Հակոբյանը նշել է, որ պլանային պրոֆիլակտիկ և նորոգման աշխատանքները պետք է ավարտին հասցնել նախանշված ժամկետներում, միաժամանակ ընդգծելով, որ գազաբաշխման ցանցի ստորգետնյա գազատարների հետազոտման, ախտորոշման և նորոգման աշխատանքների ընթացքի մասով արձանագրված են դրական ցուցանիշներ։
«Համալիր պլանային աշխատանքները և միջոցառումները ընթանում են լավ տեմպով։ Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ օբյեկտների նախապատրաստումը աշուն-ձմեռ ժամանակահատվածին անհրաժեշտ է ավարտել սահմանված ժամկետներում՝ ջեռուցման ժամանակահատվածում բաժանորդների անխափան և հուսալի գազամատակարումն ապահովելու նպատակով», — ընգծել է Ա. Հակոբյանը։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հուլիս ամսվա ընթացքում սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրմանը վերաբերող ցուցանիշները: Նշվել է, որ մատակարարված բնական գազի, ինչպես նաև գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց վճարումների հավաքագրման մակարդակը շարունակում է մնալ բարձր։
Խորհրդակցությանը քննարկվել են ԳԳՄ-ների արտադրա-տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:



