


Արմինֆո. Վերջին 2 շաբաթվա ընթացքում Հասարակական կարգի պահպանության ծառայությունը, որի վրա դրված է ավտոբուսների ուղեվարձի վճարման նկատմամբ վերահսկողությունը, չի կարողացել ոչ մի տուգանք գրել տեխնիկական խնդիրների պատճառով: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ քաղաքապետարանի աշխատանքային նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ տեխնիկական բոլոր խափանումներն վերացվել են, և, ինչպես զեկուցվել է, արդեն 1 տուգանք է նշանակվել քաղաքացուն՝ ուղեվարձը չվճարելու համար:
Հիշեցնենք, որ ս. թ. օգոստոսի սկզբին Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել էր, որ արդեն մի քանի օր է, ինչ հասարակական տրանսպորտում վճարման գործընթացը ստուգում են համապատասխան սարքավորումներով հագեցած հսկիչները: "Այստեղ մենք մեր առջև խնդիր ենք դնում ոչ թե տուգանքների վճարման միջոցով բյուջեն համալրելու հարցը լուծել, այլ ուզում ենք, որ քաղաքացիները վճարեն իրենց մատուցված ծառայությունների դիմաց", - նշել էր փոխքաղաքապետը: Միաժամանակ, Գրիգորյանը վստահություն էր հայտնել, որ հսկիչների աշխատանքի շնորհիվ այն քաղաքացիները, որոնք մինչ օրս անպատասխանատու մոտեցում են ցուցաբերել, ստիպված կլինեն վերանայել իրենց վարքագիծը:



