


Արմինֆո. Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMA) կշարունակի իր գործունեությունը, իսկ նրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երեւանի եւ Բրյուսելի միջեւ: Այդ մասին Report-ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը։
"Առաքելության լիազորությունների մեջ է մտնում դիտարկել եւ զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից տեղերում տիրող իրավիճակի մասին", - հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը, նշելով, որ Եվրամիությունը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը եւ կողմերին կոչ արել շուտափույթ ստորագրել եւ վավերացնել այն:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել է ձևավորել Եվրամիության նոր քաղաքացիական առաքելություն Հայաստանում՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ընդգրկվել է մինչև 100 մասնագետ: EUMA-ի նախնական մանդատը նախատեսված է երկու տարվա համար, նրա օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում:
Առաքելությունը սկսել է գործել 2023 թվականի փետրվարի 20-ին։ Դրա կազմում ընդգրկված են 8 ֆրանսիացի ժանդարմ և 15 ոստիկան Գերմանիայից։ Բացի այդ, 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ ԱԳՆԽ նիստի արդյունքներով Եվրամիության այն ժամանակվա արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է առաքելության թվաքանակը 209 մարդու հասցնելու մտադրության մասին ։



