


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կայցելի Ռուսաստանի Դաշնություն: Այդ մասին օգոստոսի 15-ին լրագրողներին հաղորդել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ "Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Բավական մոտ ապագայում մենք նրան նույնպես սպասում ենք Ռուսաստանում", - ասել է նա։
ՌԴ փոխվարչապետը նաև հաղորդել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Երևան՝ քննարկելու Հայաստանի աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ): "Հաջորդ շաբաթ մեկնում եմ Երևան։ Բուն այցը ծրագրված էր դեռ նախապես, դա կապված է այն բանի հետ, որ Հայաստանի Հանրապետության նորմատիվ-իրավական կարգավորման մեջ ի հայտ է եկել նորմատիվ-իրավական ակտ, Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության իրավունքին", - ասել է Օվերչուկը:
Նրա խոսքով՝ այդ հարցը կքննարկվի առաջիկա այցի ընթացքում։ "Դրանից հետո տեղի ունեցավ հանդիպում Վաշինգտոնում, տեղի ունեցավ հռչակագրի ստորագրում։ Այդ պատճառով նաեւ սպասվում է, որ հնարավոր է հանդիպում լինի [Հայաստանի վարչապետ] Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի հետ, որտեղ մենք կքննարկենք որոշակի նրբություններ, որոնք, առաջին հերթին, կապված են Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ", - հավելել է նա։
ՌԴ փոխվարչապետը պարզաբանել է, որ Ռուսաստանին հետաքրքրում են Հարավային Կովկասում իր շահերին վերաբերող հարցերը, այդ թվում ՝ երկաթուղային հաղորդակցության զարգացումը:



