


Արմինֆո.Ցանկացած անարդար որոշում անպատիժ չի մնա։ Նման կերպ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը:
Հարցին, թե այդ դեպքում ինչու չի մասնակցել նրա գործով դատական նիստին, Աբրահամյանը հիշեցրել է, որ գտնվել է վարչական հսկողության տակ, իսկ մինչ այդ՝ տնային կալանքի տակ: Մտահոգություն հայտնելով Կարապետյանի կալանավորման առնչությամբ՝ նա հաստատել է, որ անհանգստություն են առաջացնում նաև Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները: "Մենք բոլորս մտահոգված ենք դրանով", - ասել է նախկին պաշտոնյան:
Հիշեցնենք, որ "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Սամվել Կարապետյանին: Նրան մեղսագրվում է երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելը։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։ Արդեն հուլիսին "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավարին նոր մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։
Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել էր հունիսի 13-ին: Աբրահամյանը մեղադրվում է մի շարք դրվագներով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելու մեջ: Դատարանը որոշում է կայացրել նախկին պաշտոնյայի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին: Հուլիսի վերջին խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողության։
Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել դեռևս 2023 թվականի ապրիլին։ Ըստ քննության ՝ նա, զբաղեցնելով տարբեր պաշտոններ (պատգամավոր, Արարատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ, վարչապետ), գործարք է կատարել, որի արդյունքում 2008-2015թթ.ստացել է 230,4 մլն դրամի եկամուտ ։



