
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը կանգնած է լուրջ իրավական ու ֆինանսական փորձության առաջ: Այդ մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Ստոկհոլմի արբիտրաժում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ ներդրումային վեճի քննությանը։
«Կարապետյանները պահանջում են 500 միլիոն դոլար փոխհատուցում, իսկ կառավարությունը արդեն անտեսել է տրիբունալի միջանկյալ որոշումները։
Նման գործերի նախադեպերը հուշում են, որ գինը կարող է շատ բարձր լինել․
Յուկոս ընդդեմ Ռուսաստանի – Միջազգային արբիտրաժը Ռուսաստանի դեմ կայացրեց ավելի քան 50 միլիարդ դոլարի վճիռ՝ պայմանագրային ու իրավական պարտավորությունների խախտման համար։
Օքսիդենտալ ընդդեմ Էկվադորի – Պետությունը պարտավորվեց վճարել 1,77 միլիարդ դոլար, երբ միակողմանի խզեց ներդրումային պայմանագիրը։
Գաբրիել Ռիսորսես ընդդեմ Ռումինիայի – Ոսկու հանքի նախագիծը կասեցնելու համար ընկերությունը պահանջեց 4,4 միլիարդ դոլար․ գործը դեռ ընթացքի մեջ է, բայց արդեն լուրջ հարված է երկրի ներդրումային հեղինակությանը։
Հիմա դիտարկենք, թե ինչ սցենարներ են սպասվում Հայաստանին.
Լավագույն սցենար – Փոխզիջման արդյունքում գումարը կրճատվում է մինչև 100-150 մլն դոլար։ Սա, իհարկե, մեծ բեռ է, բայց կառավարելի։
Միջին սցենար – Արբիտրաժը պարտավորեցնում է վճարել պահանջի մոտ կեսը՝ 250 մլն դոլար։ Սա կկազմի պետական բյուջեի ծախսերի շուրջ 3%, և հնարավոր է ստիպի կրճատել ծրագրեր կամ վերցնել նոր պարտք։
Վատագույն սցենար – Արբիտրաժը պարտավորեցնում է վճարել պահանջի ամբողջական գումարը՝ 500 մլն դոլար + տոկոսներ։ Սա կհասնի շուրջ 550-600 մլն դոլարի, ինչը հավասար է Հայաստանի տարեկան առողջապահական ծախսերի չափին և կբարձրացնի պետական պարտքի մակարդակը առնվազն 2,5-3 տոկոսային կետով», - գրել է Սուրենյանցը՝ «Ֆեյսբուքի» իր էջում, հավելելով, որ, ամեն դեպքում, Հայաստանը կկանգնի նոր ֆինանսական ու իմիջային ճգնաժամի առաջ։
Հիշեցնենք, որ "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, ով Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու պատճառով հայտնվել է ճաղերի հետևում, և նրա ընտանիքը շահել են ՀԷՑ-ի պետականացման գործով Հայաստանի կառավարության դեմ կայացած արբիտրաժային վեճը: Գործի քննությունը տեղի է ունեցել Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտում' Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին 1995թ.հունվարի 18-ի համաձայնագրի հիման վրա: Դատարանը վճռել է, որ Հայաստանը պարտավոր է ձեռնպահ մնալ վերջերս խորհրդարանի կողմից ընդունված "Էներգետիկայի մասին" և "Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին" օրենքներում փոփոխություններ կատարելուց, ինչպես նաև ՀԷՑ-ի ակտիվների առգրավմանն ուղղված հետագա ցանկացած քայլից:
Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը չի կատարվի ։ Մինչդեռ, կարծիք կա, որ նման որոշումն անդառնալի վնաս կհասցնի երկրի իմիջին և այն ավելի քիչ գրավիչ կդարձնի արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար: