
Արմինֆո. Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Վաշինգտոնյան հռչակագրի աութսայդերն է։ Այդ մասին ասվում է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրել են խաղաղության համաձայնագրի վերաբերյալ մտադրությունների մասին հռչակագիր, որը ներկայացվում է որպես պատմական իրադարձություն։ Սակայն Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու թվացյալ ձգտման հետեւում տեքստում անտեսվում են առանցքային հարցերը, ինչը վտանգում է արդար եւ տեւական խաղաղության հեռանկարները: "Շրջանակը ողջունում է Հայաստանի իշխանությունների հայտարարած խաղաղության համաձայնագրի հասնելու հանձնառությունը, ինչը վկայում է տարածաշրջանի համար նոր դարաշրջան բացելու անկեղծ ձգտման մասին։ Սակայն "Շրջանակն" ափսոսանք է հայտնում այն առնչությամբ, որ հռչակագրում չի նշվում 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների զոհ դարձած Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների վերադարձի իրավունքի, ինչպես նաև Բաքվում դեռևս պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման մաիսն։ Այն նաեւ լռություն է պահպանում Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության մասին, որը ներկայումս ոչնչացման կամ յուրացման լուրջ վտանգի տակ է: Մեկ այլ մտահոգիչ պահ է Հայաստանի և Ադրբեջանի նախարարների համատեղ դիմումը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված մեխանիզմների լուծարման վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ կառույցը հինգ տարի անգործության է մատնված, այս նախաձեռնությունը, եթե ընդունվի, վերջնականապես կզրկի միջազգային հանրությանը ղարաբաղյան հակամարտության չլուծված հարցերի կարգավորման բազմակողմ մեխանիզմից", - նշվում է հայտարարության մեջ:
Դրանում հիշեցվում է, որ նախատեսվում է նաեւ "Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղի" նախագծի իրականացում Հայաստանի Հանրապետության տարածքում, ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել հաղորդակցությունը: "Այդ միջանցքը կմիացնի Ադրբեջանը Թուրքիայի հետ և, անշուշտ, կամրապնդի այդ երկու պետությունների ռազմավարական դիրքերը տարածաշրջանում ։ "Շրջանակը" լուրջ մտահոգություն է հայտնում ուժերի անհավասարակշռության մեծացման ռիսկի առնչությամբ, որն առանց այն էլ անբարենպաստ է Հայաստանի համար։ Մեր հին եվրոպական մայրցամաքի պատմությունը հիշեցնում է մեզ, որ ամեն գնով խաղաղությունը հարատև խաղաղության լավագույն երաշխիքը չէ, և ագրեսորի հավակնությունների բավարարումը բազմիցս մերժվել է: Եթե մենք ընդունում ենք այս ճշմարտությունը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում, ապա պետք է ընդունենք, որ այն լիովին կիրառելի է նաև Ղարաբաղյան հակամարտության համար, որը, մեր կարծիքով, չի ներառվել Մտադրությունների մասին հռչակագրում", - հայտարարել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպպոնին։