


Արմինֆո. ՌԴ ԱԳ նախարարի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումների համընկնումը: Այդ մասին հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Կովկասի գծով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, որը նախօրեին Թեհրան էր ժամանել կովկասյան տարածաշրջանում վերջին իրադարձությունների շուրջ քննարկման և խորհրդատվության նպատակով, օգոստոսի 13-ի երեկոյան հանդիպել է արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:
Խոսելով տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումների համընկնման մասին՝ Արագչին ընդգծել է երկու երկրների միջև խորհրդատվություններն ու համագործակցություն ըշարունակելու և ամրապնդելու անհրաժեշտությունը՝ ընդհանուր շահերի պաշտպանության նպատակով:
Հղում անելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն աջակցելու Իրանի սկզբունքային դիրքորոշմանը՝ Արաղչին ընդգծել է տարածաշրջանում և տարածաշրջանի երկրներում առկա խնդիրների խաղաղ լուծման, ինչպես նաև տարածաշրջանային մեխանիզմների ներուժի օգտագործման անհրաժեշտությունը, ինչպիսին է "3+3" հարթակը ՝ տարածաշրջանային խնդիրների լուծման, տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման ընդլայնման, տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման նպատակով:
Հանդիպմանը Իգոր Խովաևը փոխանցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ջերմ ողջույնները, ներկայացրել հաշվետվություն կովկասյան տարածաշրջանում խաղաղություն եւ հանգստություն հաստատելու ուղղությամբ Ռուսաստանի դիվանագիտական ջանքերի մասին եւ ընդգծել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ սերտ եւ մշտական խորհրդատվությունների, փոխգործակցության եւ համակարգման կարեւորությունը:



